«Մենք դժվար պահին ենք բեռ վերցնում»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ

Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր: Կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր: Նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր: Անհետաքրքիրը թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակն է:

Մենք քաղաքական այս համագործակցության ընթացքն ու հիմնավորումները ներկայացրել ենք: Անհրաժեշտությանը բխեցրել ենք նոր Սահմանադրությունից, երկրում որակական, արմատական փոփոխություններ կատարելու հրամայականից:    Ստորագրվելիք երկկողմ համագործակցության համաձայնագրում ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն նպատակներն ու անելիքները: Ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն Հանրապետության նախագահի վերջին ծրագրային ելույթի և մեր մոտեցումների ընդհանրությունը:

Ուժերի մեկտեղումը այս փուլում մենք դիտարկում ենք գործնական քայլերով մեր քաղաքացիների մոտ հույս, դրական սպասումներ առաջացնելու, աշխատանքով բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու հնարավորություն: Մենք այս քայլին գնում ենք հավատով ու պատասխանատվությամբ: Դժվար պահին բեռ վերցնելու կամքով:

Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ ետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից:

Հիմա ի՞նչ է քննարկվում այստեղ: Հստակ ասվեց՝ նախարարությունը բաժանվում է քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ: Հիշեք՝ գլխավորը ¦քաղաքական§ բառն է: Ու սա չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ: Զարմանալի, բայց նաև զարմանալի չէ, երբ այստեղ դրսևորվող պատկերն ու հոգեբանությունն ես նկատի ունենում:

Խոսում են կոալիցիայի իրենց պատկերացումներից, խոսում են Դաշնակցության անունից, խորհուրդներ են տալիս: Ձեզ նայեք: Դուք ի±նչ եք արել: Մի փուշ հանե±լ եք այս ժողովրդի մատից:

ՕԵԿ-ը քաղաքական հայտարարություն է անում: Ժամանակին ընդամենը արտակարգ իրավիճակների վարչություն էր: Առանձին նախարարություն դարձավ քաղաքական դրդապատճառով, և հենց ՕԵԿ-ական պարոն Շահգելդյանն էլ նախարար դարձավ: Էսքան էլ կարճ հիշողություն:

Մենք ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով ունենք՝ իրենց նախագահներով, տեղակալներով, մեքենաներով: Էդքան խիստ անհրաժեշտությու±ն են, թե± քաղաքական նպատակահարմարություն:

Այս քննարկվող հարցը պոպուլիզմի, ինքնահաստատման միջոց դարձնելը, հանրության մոտ այս համագործակցությունը վարկաբելու, կոպիտ ասած՝ աչոկ հավաքելու փորձերը եղել ու լինելու են: Շարունակեք նույն ոգով: Մենք՝ դաշնակցականներս, աշխատանքի և պատասխանատվության կողմանից ենք:

Նոր Սահմանադրությամբ մեր նպատակներից մեկն էլ քաղաքական նոր մշակույթ ձևավորվելն է, երբ քաղաքական ուժերը մրցակցում են, բանավիճում, փոխզիջումներով գնում համաձայնությունների, գտնում ոսկե միջինը: Որտեղ թշնամանքը, ատելությունը, առճակատումը տեղ չունեն:

Ցավոք, դեռևս շատ հեռու ենք այդ մշակույթից:

19 փետրվար 2016թ.

Տեսանյութեր

Լրահոս