«Ո՞վ է խոսում սաղ մնալուց: 125-ամյա կուսակցությանը բացատրում են` ոնց է պետք սաղ մնալ, թող մեզնից դեղատոմսերը հարցնեն՝ կասենք». Արմեն Ռուստամյանը՝ Լևոն Զուրաբյանին
«Նորմալ է, բանավեճ է տեղի ունենում, մի բան հստակ է, որ սա մեր համագործակցության առաջին դրսևորումն է` հեռանկարային համաձայնագրի, որը կստորագրվի եկող շաբաթ»,- Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունների բաժանման վերաբերյալ հնչող քննադատությունների մասին:
Նա նկատեց, որ այն ժամանակ, երբ միավորում էին այդ նախարարությունները, իրենք կողմ չէին, ու նրա խոսքով՝ այդ առումով իրենց անսկզբունքայնության մեջ չեն կարող մեղադրել. «Եթե հիշեք, նույն Արտակարգ իրավիճակների նախարարություն չկար, դա ստեղծվեց հենց «Օրինաց Երկրի» նախարարին տրամադրելու համար: Դրա համար մարդիկ, որ հայտարարություններ են անում, պետք է հիշեն նաև անցած ամբողջ պատմությունը: Հետո միացվեց այդ նախարարությունը Տարածքային կառավարմանը, որը նույնպես քաղաքական ենթատեքստ ուներ»:
Խոսելով կառավարման արդյունավետության մասին՝ Ա. Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ մեր կառավարման արդյունավետությունը հենց այն է, որ պետք է այն ոլորտները բյուրեղացվեն, որտեղ կոնկրետ ծրագրային խնդիրներ պետք է իրականացնեն.
«Տարածքների համաչափ զարգացումը մեզ համար կարևոր է եղել միշտ, ծրագրային հարցերից մեկն է եղել: Դաշնակցությունը տրամաբանված տրամաբանության մեջ է դա անում, որովհետև մյուս նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն է: Տարածքային զարգացում և էկոնոմիկա իրար հետ եթե դիտարկենք, կտեսնենք, որ արդյունավետ կառավարման հնարավորություն է առաջանալու. ներդրումների խրախուսման հարց կա, տեղական արտադրողի խրախուսման հարց կա, արտահանումը խրախուսելու հարցեր կան: Այս բոլորը մեկ կոնտեքստում եթե նայենք, կտեսնենք, որ հենց սա կառավարման արդյունավետության հետ էլ է կապված»:
Հարցին՝ եթե հնարավորություն ունեիք, մինչև հիմա չէի՞ք կարողանում խթանել այդ ներդրումների իրականացմանը, ՀՅԴ ղեկավարը պատասխանեց, որ հնարավորություն չկար, դրա համար էլ նպաստում էին այնքանով, որքանով կարողանում էին.
«Մենք կառավարության մեջ չէինք: Դրսի կառույցների միջոցով չես կարող իրականացնել, եթե կառավարությունում ներկայացված չես: Մի բան է՝ ունենաս կառավարման ուղղակի ղեկավարություն, մի բան է՝ ունենաս նպաստող հանգամանք»:
Նա հերքեց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության արդյունքում ՀՅԴ-ից փոխնախարարներ նշանակելու մասին լուրերը: Հարցին՝ ինչպիսի՞ խմորումներ կան՝ Շիրակի մարզպետի թեկնածուի հետ կապված, քանի որ ասում են՝ Դաշնակցության մի մասը մի թեկնածուի է առաջ քաշում, մի մասը՝ մեկ այլ թեկնածուի, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ նման բան գոյություն չունի. «Շատ հստակ է, ամեն ինչ պայմանավորված է, բոլոր հարցերի պատասխանը կստանաք եկող շաբաթ»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա եք կազմում երկրում իրավիճակ փոխելու համար, արդյոք դա իր մեջ ներառո՞ւմ է նաև Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտումը, ՀՅԴ ղեկավարն այսպես պատասխանեց.
«Ամեն ինչ նկատի ունենք մենք, բոլոր հարցերը: Բոլոր հարցերը, որոնք չեն լուծվել, մենք այդ հարցերի մասին ենք ասում, դրանց հանձնառությունն ենք ստանձնում և կատարելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Ինչ որ ասել ենք, մենք բազմիցս կրկնելու դրդապատճառ չունենք»:
Այն դիտարկմանն էլ, թե Դավիթ Լոքյանի, Լևոն Մկրտչյանի անունների հայտարարումից հետո հարցադրումներ եղան` ինչո՞ւ նոր դեմքերի առաջ չեք քաշում, արդյոք ՀՅԴ-ում կադրային սո՞վ է, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց.
«Նորերն էլ են առաջ քաշվում, հներն էլ են իրենց փորձառությամբ գործ կատարելու: Ամբողջը մի թիմ է, թիմը չի կարելի բաժանել ծերերի և ջահելների: Ամեն մեկն իր տեղն ունի»:
Ա. Ռուստամյանը նաև նշեց, որ որևէ պատասխանատվությունից չեն խուսափում, մտնում են ամբողջական պատասխանատվությամբ. «Եթե մտնում ես, ի՞նչ է նշանակում՝ կիսատ-պռատ մտնելը»:
Նա ասաց, որ հենց այդ նախարարությունների վրա կանգ առան, որովհետև այդ նախարարություններում ունեն շատ ավելի հստակ պատկերացումներ` ինչ պետք է անեն. «Սա չի կարող դիտվել դասական իմաստով կոալիցիոն կառավարություն, խոսքը գնում է համագործակցության մասին, որովհետև նախագահի առկայության պարագայում, որ իշխանության կրողը նախագահն է, այդտեղ ունենա երեք կամ տասներեք նախարար, դեր չի կատարում»:
Հարցին էլ՝ կարո՞ղ եք համոզել, որ սա պաշտոնների համար տարվող պայքար չէր, ՀՅԴ ղեկավարը պատասխանեց, որ արդյունքներով է դա ապացուցվում.
«Հիմա ինչ ուզում են՝ թող խոսեն: Անցողիկ են դրանք, օդի տատանումներ են: Եթե մենք արդյունք չստանանք, կլինենք պատասխանատու, մեր ասածների համար կկրենք համապատասխան պատասխանատվություն: Ճիշտ կառավարում իրականացնելու պարագայում՝ հայությունն ունի ռեսուրս այս վիճակից դուրս գալու համար»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ծանո՞թ է ՀՅԴ ղեկավարը՝ Լևոն Զուրաբյանի բարի խորհրդին՝ որ ասում է` «եթե ՀՀԿ-ն ուզում է սաղ մնալ, թող դաշինքի մեջ չմտնի ՀՅԴ-ի հետ», Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Ինչ եք ասում: Ո՞վ է խոսում սաղ մնալուց: 125-ամյա կուսակցությանը բացատրում են` ոնց է պետք սաղ մնալ, թող մեզնից դեղատոմսերը հարցնեն, կասենք»:
Հարցին՝ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը բացառո՞ւմ է արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, քանի որ հնչեցին քաղաքական վերլուծություններ, որ այս համագործակցությունը ՀՀԿ-ի կողմից քայլ էր՝ Ռոբերտ Քոչարյանին զրկելու քաղաքական հենքից, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց.
«Ոչ մի համագործակցություն մենք որևէ մեկի հետ չենք բացառում, այդ թվում՝ մեր այն բոլոր ընդդիմախոսների, որ այսօր փրփուրը բերաններին՝ մեզ քննադատում են: Եթե տեսնենք որևէ դաշտ, որտեղ կա համընկնում մեր տեսակետների հետ՝ կհամագործակցենք: Մենք մեր երկրում թշնամիներ ու օտարներ չունենք»: