Սիրիացի քրդերը Թուրքիային սպառնում են «մեծ պատերազմով»
Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայի քուրդ զինյալներին Թուրքիա ներխուժման դեպքում, այդ պատճառով էլ Անկարայի այդ քայլը կարող է հանգեցնել «մեծ պատերազմի»: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում սիրիական «Քրդստանի» ղեկավար Ռոդի Օսմանը:
«Ռուսաստանը կարձագանքի ներխուժմանը: Դա վերաբերում է ոչ միայն քրդերին, Ռուսաստանը կպաշտպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Օսմանը:
Ներկայացուցչության ղեկավարը նաև հայտնել է, որ Ռուսատանի ռազմատիեզերական ուժերն աջակցություն են ցուցաբերում քուրդ աշխարհազորայիններին, որոնք հարձակումներ են իրականացնում Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում՝ դեպի թուրքական սահմանի կողմը:
Իր հերթին, Մոսկվայում Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Քադրի Ջամիլը հայտնել է, թե բացի երկնքից աջակցությունից, Մոսկվան սիրիացի քրդերին մատակարարում է ռազմամթերք, իսկ սիրիական բանակը ԴԱԻՇ-ի դեմ մարտական գործողություններ է կատարում քուրդ զինյալների հետ:
Փետրվարի կեսից թուրքական ծանր հրետանին հարվածներ է հասցնում Հալեպ նահանգում սիրիացի քրդերի դիրքերին: