«Պետք է ուշադիր լինեք, որ գումարները պարբերաբար հասնեն մարդկանց, ովքեր իրոք դրա կարիքն ունեն». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` հսկողության տակ վերցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը:  Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի մոտ 2016թ. փետրվարի 2-ին կայացած խորհրդակցության արդյունքում տրված հանձնարարականով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցը ծագեց Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում, երբ սոցիալական գործակալությունները ներկայացնում էին իրենց աշխատանքները, և կար բաց: «Այնտեղ, իրոք, կար բաց: Մենք հիմա այս որոշումով կրճատում ենք այդ գումարի չափը:  Այդ աջակցության խորհուրդները, կարծես, ֆորմալ բնույթ էին կրում: Եվ դրա համար հիմա հանձնարարել եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի ուշադրություն դարձնեն նախ՝ գումարի բաշխման անաչառությանը և արդյունավետությանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները պետք է ուշադիր լինեն, որ գումարները պարբերաբար հասնեն մարդկանց, ովքեր իրոք դրա կարիքն ունեն:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս