«Այսօր մենք ուրիշ դիրքերի վրա կլինեինք, եթե 6-7 տարի առաջ Սերժ Սարգսյանը նման ելույթ ունենար». Գուրգեն Եղիազարյան
«Նախագահի ելույթի տողատակում տեսա հետևյալը, որ՝ «բավական է ձեզ համար ինձ քարկոծեն, բավական է ՀՀ-ում ցանկացած մեղք ձեր պատճառով բարդեն իմ ուսերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ նրա՝ նախագահի ելույթում տողատակ կար, որ ապագան եիտասարդների ձեռքում է. «Սա պետք լիներ 6-7 տարի առաջ, և այսօր մենք ուրիշ դիրքերի վրա կլինեինք, եթե 6-7 տարի առաջ Ս. Սարգսյանը նման ելույթ ունենար»:
Նա նկատեց, որ միայն ելույթով ոչինչ չի լինելու, սրան պետք է հետևեն որոշակի կադրային փոփոխություններ. «Առանց դրա հնարավոր չէ, չի ստացվում: Միգուցե այս ելույթը շատ կարևոր էր, չեմ կարող ասել, որ դրանից հետո միանգամից արևը կծագի, և այլն, բայց հաստատ դանակը ոսկորին է հասել, հաստատ փոփոխություններ են հարկավոր, ովքեր մտածում են իրենց երկրի մասին»: