Անահիտ Բախշյանը՝ Արմեն Աշոտյանի գործունեության դրական և բացասական արդյունքների մասին
Ինչպես հայտնի է, արդեն երկու շաբաթ է` խոսվում է ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայով պայմանավորված մի շարք նախարարների, այդ թվում` Կրթության և գիտության նախարարի փոփոխության մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գործունեության դրական և բացասական դրվագների մասին՝ Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասաց, որ Ա. Աշոտյանի գործունեության ամենադրական արդյունքը ներառական կրթության գաղափարախոսությունն օրենք դարձնելն էր ՀՀ-ում:
«2008 թվականի մարտին կառավարությունն ընդունեց ավագ դպրոցների կայացման ռազմավարական ծրագիր, այդ ծրագրով հստակ գրվեց, թե որ դպրոցները կարող են Հայաստանում դառնալ ավագ: Չեղավ: Աշոտյանի օրոք այս ուղղությամբ սկսվեցին ինչ-որ քայլեր արվել: Բոլոր բուհերն ունեցան հենակետային վարժարաններ՝ ավագ դպրոցների կարգավիճակով, սա շատ կարևոր քայլ էր: Աշոտյանի գործունեության ամենադրական արդյունքը ներառական կրթության գաղափարախոսությունն օրենք դարձնելն էր ՀՀ-ում: Սա շատ կարևոր բան էր, իր երիտասարդ, բաց լինելու կարողությունը շատ օգնեց, որ ինքը շատ արագ ընկալի, թե ինչքան կարևոր է այդ կրթությունը հասարակության առողջացման, հանդուրժողականության մակարդակը երկրում բարձրացնելու համար: Սրա համար մենք իրեն պետք է շնորհակալ լինենք»,- նշեց Ա. Բախշյանը:
Խոսելով Ա. Աշոտյանի գործունեության բացասական արդյունքների մասին՝ Ա. Բախշյանն ասաց. «Իր օրոք այնքան մերձեցրեց կրթությունն ու քաղաքականությունն իրար, որ դպրոցները մի րոպե մոռացան, որ իրենք կրթության կազմակերպիչներ են, ու հատուկ ջանասիրությամբ սկսեցին դառնալ ՀՀԿ-ականներ, դրանից ավելի վատ բան կա՞»: