Արտակ Շաբոյանը պարզաբանեց՝ ինչու է հացի գինը քիչ նվազել

Հացի գները 2015թ. ընթացքում նվազել են 9-10 տոկոսի չափով: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով հացի արադրության ոլորում իրականացված ուսումնասիրությունները:

Նա նշեց, որ 2015թ. ընթացքում ալյուրի գները մեծ չափով նվազել էին՝ մինչև 30 տոկոս, ինչը հիմնականում կապվում էր ռուսական շուկայի հետ, քանի ալյուրը մեծ չափով ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված՝ ալյուրի գները մեծ չափով նվազել էին:

«Սակայն դրան ադեկվատ հացի գները չեն նվազել: Հացի գները նվազել են 9-10 տոկոսի չափով: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություն ենք կատարել 10 խոշոր արտադրողների շրջանում: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հացի գները 2015թ. ընթացքում նվազել են 9-10 տոկոսի չափով: Հացի գների նվազման վրա ազդել են հիմնականում հետևյալ գործոնները՝ առաջինն ալյուրն է, սակայն ալյուրի գների նվազումը մի մասով է անդրադարձել, քանի որ համաձայն մեր գնագոյացման հաշվարկների՝ հացի ինքնարժեքի մեջ ալյուրի տեսակարար կշիռը կազմում է 52.3 տոկոս:

Հետևաբար՝ ալյուրի գների նվազումը մի մասով է անդարադարձել հացի գների նվազման վրա: Բացի այդ՝ հացի գների վրա ազդել են նաև երկու այլ գործոններ, որոնք արդեն անդրադարձել են բարձրացման ուղղությամբ: Դա գազի գինն է և էլեկտրաէներգիան:

Մասնավորապես էլէկտրաէներգիայի գների ավելացումը 1կգ հացի գծով կազմել է 25.4 տոկոս, իսկ գազի գների փոփոխությունը՝ 7.9 տոկոս: Հետևաբար՝ այս երկու գործոնները՝ գազը և էլէկտրաէներգիան, ազդել են հացի գների վրա՝ բարձրացման ուղղությամբ»,- ասաց Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ հացի արտադրության մեջ հիմնականում բարձր տեսակի ալյուր է օգտագործվում, որի գինը, համեմատած մյուս տեսակների, ավեի քիչ չափով է նվազել:

Տեսանյութեր

Լրահոս