Եվս մեկ քրեական գործ
Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից յուրացման վերաբերյալ ևս մեկ հաղորդում է ստացվել:
Օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց այն մասին, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:
Կոմիտեն ստացել էր ԵՄ պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ ծրագրով հայաստանյան կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Պարզվում է, որ Քննչական կոմիտեում ստացվել է ԵՄ ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու վերաբերյալ մեկ այլ հաղորդում ևս: Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ի պատասխան մեր հարցման, հայտնել են, որ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» ծրագիրն իրականացնելու համար Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Եվրոպական Միության պատվիրակությանը որպես տուժող ճանաչելու մասին:
Հարուցված առաջին քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: «Նշված երկու քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հափշտակված գումարի իրական ծավալները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Նշված քրեական գործերի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- նշվում է Քննչական կոմիտեի պատասխանում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» («Fundamental rights and freedoms the guarantee of the future») անունով ծրագրի վերաբերյալ տեղեկություն կա այն մասին, որ ԵՄ ներդրումը կազմել է 150,000.00 եվրո: Այն տևել է մեկ տարի՝ 2013թ. հունվարից մինչև 2014թ.հունվար: Որպես իրականացնող՝ նշվում է մարզային կազմակերպություններից մեկի անունը: Որպես տարածք՝ նշված է Հայաստանը, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը: