Բաժիններ՝

Ամերիկահայ գործարարին թալանելու աղմկահարույց գործը գնում է դատարան

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործի քննությունն ավարտվել է, և, ամենայն հավանականությամբ՝ մարտին այն կուղարկվի դատարան։ Է.Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գործը, ըստ ամենայնի, քննվելու է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։

Է.Խուդյանին պատկանող «Արին Կապիտալ» ընկերությունը, հիշեցնենք, սփյուռքահայերից ներգրավված դրամական միջոցների հաշվին Երևանում` Մաշտոցի պող., 33/1 հասցեում 2005 թ.-ին կառուցել է 13-հարկանի բազմաբնակարան շենք։ Սակայն շինարարության ավարտից հետո այն սփյուռքահայերը, որոնք ֆինանսավորել էին շինարարությունը և շենքի սեփականատեր «Արին Կապիտալի» հետ ունեին նախնական պայմանագրեր, չեն ստացել ո՛չ բնակարանները, ո՛չ ներդրած գումարները։ Փոխարենը, «Արին Կապիտալ» ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանն ու տնօրեն Էդուարդ Եսայանը շենքի բնակարանները վաճառել են այլ անձանց՝ գրպանելով ստացված եկամուտը։ Դրանից հետո Մանգասարյանն ու Եսայանը միտումնավոր սնանկացրել են «Արին Կապիտալը», որպեսզի սփյուռքահայերը դատարանի միջոցով չկարողանան ետ վերադարձնել իրենց դրամական միջոցները։

2011 թ.-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված գործը 2013 թ. դեկտեմբերին ուղարկվել էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարչություն։ Եվ ահա, մի քանի քննիչների փոփոխությունից հետո մեծածավալ գործի քննությունն ավարտվել է։ Ըստ Լ.Հովհաննիսյանի՝ գործի նյութերը 50 հատոր են կազմել։ Այժմ նյութերին ծանոթանալու, միջնորդություններ ներկայացնելու փուլն է։ Քր.գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձանց, որոնցից մեկը Վլադիսլավ Մանգասարյանն է։ Լ.Հովհաննիսյանի խոսքով՝ գործով կան մոտ 20 տուժողներ, այդ թվում՝ մարդիկ, որոնք բնակարանի համար գումարներ են վճարել, բայց Վ. Մանգասարյանն այլ անձանց է օտարել, նաև մարդիկ կան, որոնք դեռ 90-ականներից Վ. Մանգասարյանին գումար են վճարել, բայց տարբեր շենքերում բնակարան խոստանալով՝ Մանգասարյանն այդպես էլ նրանց բնակարան չի տվել։

Այդ իսկ պատճառով նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ։ Վ. Մանգասարյանի խարդախությունների գործընկեր, «Արին Կապիտալի» տնօրեն Էդուարդ Եսայանին, սակայն, մեղադրանք չի առաջադրվել, քանի որ, ինչպես նշեց Լ.Հովհաննիսյանը, ընկերության լիազորություններն ի վնաս ընկերության և այլ անձանց օգտագործելու հանցանքի համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 5 տարի է, իսկ վերջին գործարքը, որ Եսայանն արել է, եղել է 2010 թ. հոկտեմբերի 1-ին, երբ կեղծ փոխառություն է ստորագրել Վ.Մանգասարյանին պատկանող «Բենգե» ընկերության և «Արին Կապիտալի» միջև։

Կարդացեք նաև

«Քննությունը գաղտնիության պայմաններում է իրականացվել, բայց դատաքննության ընթացքում, կարծում եմ, գործն ավելի կհարստացվի, միջնորդություններ կլինեն։ Իհարկե, քննության ժամանակ ահռելի մեծ աշխատանք են կատարել, փորձաքննություններ են նշանակել, և այլն, բայց բոլոր դեպքերում, երբ գաղտնիության սկզբունք կա, մասնակիցները, այդքան էլ հնարավորություն չունեն միջամտելու, կամ մարդկանց, որ տուժող չեն, գործի նյութերը հասանելի չեն։ Այդ առումով դատաքննությունը հրապարակային կլինի և մանրամասն կներկայացվի»,- ասաց Լ.Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ «Արին Կապիտալ» ընկերությունն ինքը տուժող է ճանաչվել հանցագործության արդյունքում, քանի որ ընկերության տարածքներն են անհատույց օտարվել տարբեր անձանց. «Կարծում եմ՝ հետագայում շատ հետաքրքիր իրավական գործընթացներ կլինեն, որովհետև այն բնակարանները, որոնք օտարվել են «Արին Կապիտալի» սնանկության գործի շրջանակներում, այս քր. գործով արդեն իսկ բացահայտված է, որ դրանք կեղծ փաստաթղթերով ու կեղծ պահանջների հիման վրա են օտարվել, և դա իր հետևանքները կբերի։ Այսինքն՝ սնանկության գործով օտարված տարածքների հետ կապված հետագայում դատեր կլինեն՝ դրանք հետ բերելու նպատակով»։

Թե ինչո՞ւ գործի քննությունն այսքան երկար տևեց, Լ.Հովհաննիսյանի կարծիքով, պատճառը Դատախազության վարքն է. «Այս գործով, զարմանալի է, բայց շատ բացասական դեր ունի Դատախազությունը։ Եթե Դատախազությունն իր տեղում լիներ, երևի թե 2013 թ.-ին կավարտվեր գործը, որովհետև ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանն արդեն 70-80%-ով ավարտել էր քննությունը, իրեն 1-2 փորձաքննություն ու 1-2 հարցաքննություն էր պակասում, որ գործի ավարտ հայտարարեր, բայց այդ ժամանակ, չգիտես ինչու, գործը հանձնեցին ՀԿԳ, ու հետո ՀԿԳ-ում էլ քննչական խմբի ղեկավար փոխվեց, Դատախազությունում ամիսներով պահել են գործը, ու քննիչն անգործության է մատնվել»։

Ըստ փաստաբանի՝ դեռևս ՊԵԿ-ում եղած ժամանակ «Արին Կապիտալի» գույքի վրա արգելանք էր դրվել, մեղադրանք էր առաջադրված խարդախության, փողերի լվացման, կանխամտածված սնանկության հիմքերով, իսկ ՀԿԳ-ում, որտեղ գործը քննվել է նույն մեղադրանքի շրջանակներում, դատախազի ցուցումով և պարտադրանքով այդ արգելանքները վերացվել էին և 2000 քմ մակերեսով գույքն օտարվել է, գումարները յուրացվել են. «Այսինքն՝ այդ հանցագործությունը կանխելու ուղղությամբ Դատախազությունը ոչ մի քայլ չի արել։

Մինչդեռ Դատախազությունն ինքը պետք է օժանդակեր քննիչներին ու ապահովեր նրանց անկախությունը։ Գլխավոր դատախազի փոփոխությունը կրկին բացասական է ազդել, քանի որ 2013 թ.-ին, երբ փոխվեց գլխավոր դատախազը, գործը գրեթե ավարտված էր, բայց նորից 0-ից սկսեցին քննել»։
Միայն սնանկության վարույթի շրջանակներում, ըստ Լ.Հովհաննիսյանի, 4000 քմ-ից ավելի գույքի վնաս է պատճառվել «Արին Կապիտալին», այն էլ այդ գույքը Երևանի սրտում է՝ Մաշտոցի պողոտայում, իսկ Է.Խուդյանի անձնական վնասը մոտ 10 մլն դոլար է կազմում։
«Է.Խուդյանը մինչ այս պահը սպասում է, որ արդարությունը կհաղթի, այլապես Վաշինգտոնի միջազգային դատարանում այդ վնասի չափը կարող է կրկնապատկվել»,- ասաց Լ.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն դիմելու գործընթացն արդեն սկսվել է։

Ամերիկահայ գործարարի խնդիրն առավել հնչեղություն ստացավ այն պատճառով, որ այս խարդախություններին, ըստ հենց Է.Խուդյանի, առնչվում է ՀՀ Նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը, ով երաշխավորել էր Մանգասարյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործի հետ կապ ունի նաև ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, որին, անհասկանալի կերպով, սեփականության իրավունքով անցել է Խուդյանի գույքը՝ Մաշտոցի 33 հասցեում կառուցված 1.5 միլիոն դոլար արժողությամբ 5-հարկանի շենքը։ Միաժամանակ, տարբեր աղբյուրների պնդմամբ, շենքում տարածքներ են «ձեռք բերել» բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդ որում՝ այդ տարածքների մեծ մասը, այսպես կոչված, «անփող» գործարքներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս