«Սա Պերմյակովի պաշտպանական ռեակցիան է». պաշտպան

Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը: Դատարանն այս փուլում հարցաքննում է գործով վկաներին: Գործի վերաբերյալ զրուցել ենք Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հետ:

– Պարոն Աղաջանյան, քրեական գործով առաջին դատական նիստի ընթացքում հայտարարություն հնչեց այն մասին, որ Վ. Պերմյակովը սատանիստ է, խոսվեց սատանայի հետ պայմանագրի մասին: Ձեր պաշտպանյալն այդ հանգամանքի վերաբերյալ որևէ բան հայտնե՞լ է:

– Այս պահին իրեն սատանիզմի հետ կապված մեղադրանք առաջադրված չէ: Դա դուրս է իր մեղադրանքի ծավալից: Հետևաբար՝ այդ հարցը չի կարող քննարկվել դատաքննության ընթացքում, քանի որ չի վերաբերում իրեն առաջադրված մեղադրանքի ծավալին: Այս առումով եթե մեղադրանքի կողմը բավարար հիմքեր գտնի՝ մեղադրանքը փոխելու և այս դրվագը մեղադրանքի ծավալի մեջ մտցնելու համար, այդ դեպքում պաշտպանական կողմն իր դիրքորոշումը կհայտնի: Իսկ այս պահի դրությամբ Պերմյակովին նման մեղադրանք առաջադրված չէ:

– Դուք Վ. Պերմյակովի ընտանիքի անդամների հետ որևէ կապ ունե՞ք: Հայրն ասել էր, որ փորձել են զրուցել նրա հետ, սակայն թույլ չեն տվել:

Կարդացեք նաև

– Ճիշտն ասած՝ մինչև այժմ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը ինձ հետ չի կապվել:

eduard Axajanyan

– Դատարանում խոսվեց այն մասին, որ Վալերի Պերմյակովին ճաղավանդակում պահելն իր իրավունքի խախտում է: Ճիշտ է՝ Վ. Պերմյակովն ասաց, որ իրեն այդպես ավելի հանգիստ կլինի, սակայն այդ առումով քայլեր ձեռնարկվելո՞ւ են այդ խախտումը վերացնելու համար:

– Հենց սկզբից, երբ ես ներգրավվեցի քրեական գործի վարույթում, Վ. Պերմյակովի հետ առանձնատեսակցության ընթացքում ես ապակեպատ վանդակից հանելու հետ կապված հարցը շոշափեցի: Վերջինս չցանկացավ, որպեսզի ես նման միջնորդություն անեմ, այդ իսկ առումով ես կաշկանդված էի, որպեսզի ինքս նման միջնորդությամբ հանդես գայի: Բացի այդ, եթե տեսել եք դատական նիստերի դահլիճը, երևի թե պատկերացնում եք՝ ինչ նեղված պայմաններ են, և, եթե հանկարծ Պերմյակովին հանեին նշված ապակեպատ վանդակից և նստեցնեին դահլիճում, ապա հաշվի առնելով դահլիճի նեղվածքը, ինքը կհայտնվեր տուժողներից 1-2 մետր հեռավորության վրա, ինչը լի էր շատ անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով և՛ ամբաստանյալի ցանկությունը, և՛ նրա անվտանգության նկատառումներից ելնելով՝ պաշտպանական կողմն ինքը չնախաձեռնեց նման միջնորդությամբ հանդես գալը, որպեսզի վերջինիս հանեն ապակեպատ տարածքից: Դա բխում էր զուտ նրա անվտանգության շահերից:

– Պարոն Աղաջանյան, նախաքննության ընթացքում Դուք որպես պաշտպան ներգրավված չեք եղել, սակայն արդեն ծանոթ եք քրեական գործի նյութերին: Նախաքննության ընթացքում Ձեր պաշտպանյալի իրավունքի խախտումներ արձանագրե՞լ եք:

– Որքանով ես եմ ծանոթ քրեական գործի նյութերին, իսկ ես ամբողջությամբ ծանոթացել եմ, որևէ խախտում չեմ հայտնաբերել:

– Դատարանում Վ. Պերմյակովն ասաց, որ «ամեն ինչում» իրեն մեղավոր է ճանաչում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ է մտել Ավետիսյանների բնակարան: Վ. Պերմյակովը ևս սպանության ա՞յս դրդապատճառն է նշում:

– Բնականաբար, դրա մասին ևս խոսվել է առանձնատեսակցության ընթացքում, բայց քանի որ վերջինս դեռևս չի հարցաքննվել, ուստի ես չեմ կարող դա հրապարակել, քանի որ դա պաշտպանական գաղտնիքի հրապարակում կհամարվի: Միայն կարող եմ ասել, որ առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով, այդ թվում՝ նաև ավազակային հարձակման համար առաջադրված մեղադրանքում, վերջինս իրեն մեղավոր է ճանաչել:

– Նաև կարծիքներ հնչեցին այն մասին, որ տպավորություն է ստեղծվում, թե Վ. Պերմյակովն անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է դատարանում: Ձեր տպավորությամբ՝ անտարբերություն կա՞, թե՞ դա պահվածքի ձև է:

– Իմ կարծիքով՝ պարզապես իր ձևն է այդպես, պահվածքի ձև է: Ամեն դեպքում, ես իր հետ շփվում եմ դատական նիստերի ընդմիջումների ընթացքում: Երբ որ պետք է, ինքը բավականին ակտիվորեն շփվում է և խոսում է: Պարզապես այս պահին ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ինքն ինչպես պետք է իրեն պահի դահլիճում: Որևէ ակտիվ պահելաձև, ինձ թվում է, չի բխում իր կարգավիճակից: Ուրիշ ձև էլ ինչպե՞ս պետք է ինքն իրեն պահի: Սա պարզապես իր պաշտպանական ռեակցիան է՝ իմ կարծիքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս