Ուկրաինայի Գերագույն ռադան չի կարողացել երկրի կառավարությանը ստիպել հրաժարական ներկայացնել
Ուկրաինայի Գերագույն ռադան չի կարողացել ստիպել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի կառավարությանը հրաժարական ներկայացնել, հայտնում է BBC-ն:
Ուկրաինայի կառավարությանը անվստահության քվե հայտնելու բանաձևի օգտին խորհրդարանում քվեարկել է ընդամենը 194 պատգամավոր, այնինչ հարկավոր էր գրեթե 30 ձայն ավելի:
Ուկրաինայի կառավարության կաբինետին անվստահություն հայտնելու բանաձևը ներկայացրել էր «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն: Մինչ այդ, խորհրդարանը կառավարության աշխատանքն «անբավարար» էր համարել կաբինետի աշխատանքի մասին զեկույցից հետո, որը ներկայացրել էր Յացենյուկը:
Գերագույն ռադան նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցին կարող է վերադառնալ խորհրդարանի հաջորդ նստաշրջանի ժամանակ, որն սկսվում է սեպտեմբերի 6-ին:
«Թույլ տվեք ձեզ ասել, թե ինչու է մարդկանց 70%-ը պահանջում ձեր հրաժարականը: Մարդիկ տեսնում են՝ դուք կանգ եք առել: Մենք՝ բոլորս, մոռացել ենք Մայդանի այրվող անվադողերի հոտը»,- հայտարարել է Յուրի Լուցենկոն:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ էր արել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին ու գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հրաժարական ներկայացնել «իշխանության նկատմամբ վստահության վերականգնման համար»:
«Ակնհայտ է, որ թե´ հասարակությունը, թե´ իշխանությունը դժգոհ են երկրում փոփոխությունների տեմպերից: Ակնհայտ է, որ մեզ հարկավոր են դրական վերափոխումներ, հարկավոր է երկրորդ շնչառություն բացել բարեփոխումների անցկացման համար: Ակնհայտորեն, տարեսկզբից թուլացրել ենք արագությունը, իսկ ընդհանրապես՝ սկսել ենք արգելակել»,- ասվում է Պորոշենկոյի հայտարարության մեջ՝ ուղղված իր համաքաղաքացիներին, որը հրապարակվել է նրա կայքում:
Պորոշենկոն նկատել է, որ «կառավարությունը կորցրել է կոալիցիայի աջակցությունը»: Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, «հասարակությունը ակնհայտորեն որոշել է, որ սխալները նախարարների կաբինետում, ավելի շատ են, քան ձեռքբերումները»:
Հիշեցնենք, որ երեկ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել Կիևում՝ Ռադայի մոտ՝ պահանջելով Արսենի Յացենյուկի հրաժարականը: Նմանատիպ ակցիաներ անցկացվել են նաև Ուկրաինայի այլ քաղաքներում: