Քաղաքացին ինքը պետք է ընտրի, թե ինչ sms հաղորդագրություն է ցանկանում ստանալ
Հայաստանում փորձ է արվում կարգավորել բջջային հեռախոսահամարներին ստացվող գովազդային հաղորդագրությունների գործընթացը: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
«Հաճախ առանց մեր համաձայնության և իմացության մեր բջջային կամ ֆիքսված հեռախոսների համարները օգտագործվում են գովազդային նպատակներով: Սա անձնական տվյալի անօրինական օգտագործում է: Այս փուլում հանդիպել ենք հեռախոսային ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների հետ: Քննարկվել են խնդրի լուծման տարբերակները: Եթե քաղաքացին չի ուզում ստանալ նման sms հաղորդագրություն, ապա պետք է հնարավորություն ունենա իր բջջային հեռախոսից մի քանի թիվ հավաքելու միջոցով դուրս գալ այդ համակարգից: Հաջորդ առավել զարգացած տարբարակն այն է, որ քաղաքացին ընտրի, թե ինչ հաղորդագրություն է ցանկանում ստանալ: Ասենք, մշակույթին վերաբերող sms հաղորդագրություններ ցանկանում է ստանալ, իսկ ծառայություններին վերաբերողը` ոչ: Պետք է ընտրության հնարավորության տալ»,-ասաց Շուշան Դոյդոյանը:
Գործակալության պետը նկատեց, որ այդ խնդրի հետ կապված ոչ բոլոր հարցերն են բջջային օպերատորների կարգավորման դաշտում: Կա նաև «սև շուկա», երբ հեռախոսային բազաները հայտնվել են դրա իրավունքը չունեցող անձի ձեռքում: Նրանք էլ անօրինական ծառայություններ են մատուցում այս կամ այն ընկերություններին:
«Վերջիններիս պատվերով տարածվում են առևտրային բնույթի հաղորդագրություններ: Այստեղ լուրջ խնդիր է: Նրանց գտնելը շատ դժվար է, որովհետև հաճախ փոխում են իրենց հեռախոսահամարները: Պետք է սերտորեն աշխատել ոստիկանության հետ՝ հասկանալու համար, թե ինչ պայքարի ձևեր կիրառվեն»,-ավելացրեց Շուշան Դոյդոյանը: