«Կրթական համակարգում ներգրավվածները չպետք է լինեն ընտրական հանձնաժողովների անդամներ». Վարուժան Հոկտանյան

«ՀՀ-ում կան 289 տեղամասեր, որոնք գտնվում են միևնույն շինության մեջ՝ երկու կամ երեք ընտրատեղամասեր՝ միևնույն դպրոցում: Դա նշանակում է, որ ընտրողների վարքագիծը պետք է նույնը լինի, այսինքն՝ եթե այդ դպրոցում տեղակայված մի տեղամասում «այո»-ն է հաղթում, պետք է մյուս տեղամասում էլ «այո»-ն հաղթի, նույնը՝ «ոչ»-ի դեպքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Ըստ նրա՝ ներկա Ընտրական օրենսգրքում անճշտությունների իրավական հետևանքները լղոզված են.

«Մի կողմից՝ թույլատրվում է վերանայել կամ կրկնակի քվեարկություն անել տեղամասերում, մյուս կողմից՝ այս անճշտությունները կարող էին հիմք հանդիսանալ վերաքվեարկության համար, որը չի արվում: Օրինակ, առաջին կարգի անճշտություն է, երբ քվեաթերթիկների թիվն ավելի շատ է լինում, քան ստորագրությունների թիվը: Անհամապատասխանություններ են եղել 614 տեղամասերում»:

Ընտրական օրենսգրքի մշակմանն անդրադառնալով՝ նա նշեց, որ առաջին հերթին՝ այն պետք է լինի թափանցիկ և քաղաքացիական հասարակության բոլոր հնարավոր դերակատարների և կուսակցությունների  ներգրավվածությամբ. «Առանց նրանց մասնակցության՝ անվստահությունն ավելի կխորանա, և լուրջ կասկածներ կլինեն»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը պետք է անպայման պետության պարտավորությունը լինի.

«Պետք է լինի մատչելի և տեղամասերում հասանելի լինեն առկա և բացակա ընտրողների ցուցակները: Պետք է դիտորդների արտոնագրման քննությունների համակարգը հանվի: Տեսաձայնանկարահանումները պետք է լինեն ու առցանց հեռարձակվեն՝ պահպանելով ընտրության գաղտնիությունը: Վարչական ռեսուրսների օգտագործումը  պետք է բացառվի: Քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված՝ պետք է հստակ մեխանիզմներ լինեն ու ստուգվեն ֆինանսավորման աղբյուրները: Պետք է վերանայվի բանակում ընտրելու իրավունքի մոտեցումը: Կրթական համակարգում ներգրավվածները չլինեն ընտրական հանձնաժողովների անդամներ, ու մանկավարժները չդառնան հնարավոր խախտումների մասնակիցները»:

Տեսանյութեր

Լրահոս