Կրեմլին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են Հայաստանում անում այս երկու, ինչպես նաեւ մնացած կուսակցությունները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Մի տեղ ես կարդացի, որ Դաշնակցությունն ու Հանրապետականը միանում են Կրեմլի հրահանգով: Հստակ տեղեկատվություն չունեմ, բայց ինձ թվում է, որ Կրեմլին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են Հայաստանում անում այս երկու, ինչպես նաեւ մնացած կուսակցությունները: Իհարկե, զուտ տեսականորեն կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի հակաթուրքական հռետորաբանությունը այս պահին կարող է Ռուսաստանին դուր գալ, եւ այդ երկիրը դեմ չէր լինի, որ Հայաստանի ղեկավար օղակներում հայտնվեր նման կուսակցություն: Բայց դա Ռուսաստանի համար 1000-րդական նշանակություն ունի: Պայմանավորելը հայաստանյան որեւէ ներքաղաքական գործընթաց Կրեմլի, Սպիտակ տան կամ, ասենք, Բրյուսելի մտադրություններով` դա գուցե համարվում է «քաղաքագիտական խորը վերլուծություն», բայց իրականում, ի վերջո, օտարամոլության դրսեւորում է: Նույնը՝ հակառակ «բեւեռի» մասին ենթադրությունները:

ԱՄՆ կառավարությունը մոտ 750 հազար դոլար է հատկացրել մեր կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Դա կարելի է, իհարկե, դիտարկել որպես յուրահատուկ հումոր՝ գայլերին ոչ միայն նշանակում են գառների պահակ, այլեւ դրա համար «աշխատավարձ» են վճարում: Բայց այդ, համաձայնեք, տարօրինակ քայլի մասին տրվում է ավելի տարօրինակ բացատրություն՝ իբր Միացյալ Նահանգներն իրականում շահագրգռված է, որ Հայաստանում խորանա կոռուպցիան, եւ հենց դրա համար է փող տալիս մեր կոռումպացված կառավարությանը: Բայց կոռուպցիան Հայաստանում «բարեհաջող» զարգանում է առանց արտասահմանյան դրամաշնորհների, եւ կասկածել, որ որեւէ նոր նվիրատվություն դրան կնպաստի՝ տրամաբանական չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս