«Մեզ վրա դրական կանդրադառնա». Պաշտպանության նախկին նախարարը՝ ռուս կոմունիստների նախաձեռնության մասին

«Գլոբալ սպառնալիքներն աշխարհում ավելանում են, ու դա անդրադառնում է մեզ վրա ևս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների սրման և Հայաստանի վրա դրա ազդեցության մասին՝ նման տեսակետ հայտնեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ 1991 թվականից ի վեր Թուրքիան հակահայկական քաղաքականություն է վարում, և հենց դրանից մենք պետք է վախենանք. «Թուրքիան մեր սահմաններին է մոտեցրել երրորդ դաշնային բանակը ու պահաջել է, որ մենք ազատագրենք տարածքները, եթե՝ ոչ, ինքը մտնելու է Հայաստան: Թուրքիայի պոտենցիալը մի քսան անգամ մեծ է մեզնից: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, ինքը պահանջում է՝ Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, պահանջում է ռուսական զորքերը դուրս հանել այստեղից, դրանից ավելի ի՞նչ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար, դրանից ավելի մենք ինչի՞ց պետք է վախենանք»:

Վ. Հարությունյանն ասաց, որ, երբ խոսում էին, թե ռուս-թուրքական հարաբերությունները շատ լավ են, ինքն ասում էր՝ դա այդպես չէ, քանի որ ռուսական դոկտրինում Ռուսաստանի համար սպառնալիքները ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են, ու Թուրքիան այդ երկրներից է: Այն մտավախությունները, որ մենք ունեինք, որ ռուս-թուրքական հարաբերությունները կարող էին այնքան լավ լինել, որ Հայաստանի հաշվին ինչ-որ հարցեր լուծվեին, այդպես չեղավ: Հիմա նրանց հարաբերությունները սրվել են»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը: Ինչպես նաև, Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք դիտարկում այդ երկու իրադարձությունները՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, Պաշտպանության նախկին նախարարն այսպես պատասխանեց. «Ուզում եմ հիշեցնել, որ բազայի վերաբերյալ առաջարկը մենք էինք անում, ես եղել եմ ՀՀ-ի կողմից պատվիրակության ղեկավար, երբ որոշում էր ընդունվում ռազմաբազայի վերաբերյալ: Այն, ինչ արվում է հիմա, մեր շահերից է բխում, քանի որ գիտեմ՝ այդ բազայի դերը պատերազմի հաղթանակում շատ մեծ էր: Այն, ինչ մենք ստանում ենք, բխում է մեր շահերից ու մեր անվտանգությունն է  ապահովում»:

Անդրադառնալով՝ Մոսկվայի՝ 1921 թվականի պայմանագրի վերաբերյալ ՌԴ կոմունիստների նախաձեռնությանը, Վ. Հարությունյանը նկատեց, որ Մոսկվայի պայմանագիրը որոշում է Նախիջևանի կարգավիճակը. «Հիմա Ռուսաստանը կգնա՞ դրան, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել, մեզ վրա դրական կանդրադառնա: Իհարկե, եթե դա չմտածված իրականացվի,  դա խնդիրներ կառաջացնի»:

Տեսանյութեր

Լրահոս