Բաժիններ՝

Թուրքիան կարող է հատուկ օպերացիա անցկացնել սիրիացի քրդերի դեմ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան կարող է անհրաժեշտության դեպքում օպերացիա անցկացնել սիրիացի քրդերի դեմ, հայտնում է AFP-ն:

«Եթե հարկավոր լինի, մենք սիրիացի քրդերի դեմ կձեռնարկենք այն միջոցառումները, որ ձեռնարկել ենք Իրաքում: Մենք հուսով ենք, որ մեր ընկերներն ու դաշնակիցները մեզ կաջակցեն»,- հայտարարել է Դավութօղլուն:

Անկարան քրդերին ահաբեկիչներ է համարում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) հետ կապերի պատճառով, որն արգելված է Թուրքիայում:
Հակասությունները Անկարայի ու Վաշինգտոնի միջև ուժգնացել են մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգուրկի՝ սիրիական Քոբանի կատարած այցից հետո, որի նպատակն էր քրդական ջոկատների մարզումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել էր այդ այցն ու ԱՄՆ-ին առաջարկել ընտրություն կատարել Անկարայի ու Սիրիայի քրդերի միջև:

«Տեսեք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներից մեկը Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների ժամանակ վեր է կենում ու գնում Քոբանի: Ու այնտեղ նա այսպես կոչված գեներալից ստանում է հուշատախտակ: Ինչպե՞ս կարող ենք մենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»,- հարցրել է Էրդողանը:

Նա հայտարարել է, որ Թուրքիայի համար քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունն «ահաբեկչական կազմակերպություն» է: «Դա վերաբերում է նաև «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» («Դեմոկրատական միության» ռազմական թևը): «Քրդական աշխատավորական» կուսակցությունն (PKK) ու «Դեմոկրատական միությունը» նույն բանն են: Մենք այդ մասին հայտարարելու ենք միջազգային կազմակերպություններում: Մենք կորուստներ կկրենք, եթե չբարձրաձայնենք այդ հարցը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս