«Մի հարվածով վահանաճառի կոտրվածքի դեպքում րոպեներ անց մահ է պատճառվում: Նույնը նաև այստեղ է տեղի ունեցել». Փաստաբանը՝ կուրսանտի սպանության մասին
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը կհրավիրվի դատարան: Այսպիսի որոշում այսօր կայացրեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Դիակի դատաբժշկական փորձաքննության հրապարակումից հետո գործով ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ եզրակացությունն արժանահավատ չէ: Նա նշեց, որ դատաբժշկական փորձագետը հետևություններում նշել է, որ մահվան պատճառ է հանդիսացել սեղմման միջոցով վահանաճառի կոտրվածքը, մասնավորապես՝ արյունազեղումներ կան պարանոցի աջ հատվածին.
«Բնական հարց է առաջանում և առաջացել է ի սկզբանե, որի պատասխանն այդպես էլ չի տրվել: Այն ժամանակ, երբ քրեական գործ էր հարուցվել ու գրված էր, որ այս, այս մարդիկ նախնական համաձայնությամբ տարել-կախել են, և քննությունն այդպես է գնացել, հետո դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է գալիս, որ լույս է սփռում, այնուամենայնիվ, ուղղություն է տալիս, բայց կարծես թե փորձել են հաշվի չառնել: Խնդիրը կայանում է հետևյալում՝ եթե սեղմման միջոցով է, ինչո՞ւ վնասվածքներ կան միայն աջ հատվածին, ինչո՞վ են սեղմել:
Իհարկե, դատաբժիշկն այդպես էլ պիտի գրեր՝ բութ առարկայի ներգործությամբ, նախաքննական մարմինն էլ պետք է ի վերջո վեր հաներ՝ քարո՞վ է, գործիքո՞վ է, ի՞նչ մեխանիզմով է եղել: Նախորդ դատական նիստի ժամանակ հրապարակվեց, այսպես կոչված, ականատես վկաների փորձարարությունը: Եթե մենք դա ընդունում ենք՝ որպես հալած յուղ, ապա ստացվում է, որ այնտեղ որևէ սեղմում տեղի չի ունեցել, որովհետև սեղմման դեպքում պարանոցի և աջ, և ձախ հատվածներում մաշկի և երակների արյունազեղումներ կառաջանային»:
Նա նշեց, որ «սեղմում» բառը դատաբժիշկն օդից է վերցրել: Փաստաբանն ասաց, որ տարիներ առաջ մասնակցել է ակադեմիայի կուրսանտի կողմից սպանության գործի քննության. «Այնտեղ ինձ համար ուղղակիորեն պարզ դարձավ, որ ակադեմիայում սովորեցնում են ինչ-որ ամերիկյան սպորտաձև, և դա կայանում է նրանում, որ մի հարվածով վահանաճառի կոտրվածքի դեպքում րոպեներ անց մահ է պատճառվում: Նույնը նաև այստեղ է տեղի ունեցել, և խոսել սեղմման մասին՝ ինձ համար շատ անհասկանալի է՝ դատաբժշկական փորձագետը որտեղից է վերցրել, որ սեղմում է տեղի ունեցել»:
Հովիկ Արսենյանն ասաց, որ քննիչը նախաքննության ընթացքում նոր որոշում է կայացրել՝ կապված նրա հետ, որ մեկ այլ կուրսանտ՝ Կարեն Բաղրամյանը, հարված է հասցրել Հայկազ Բարսեղյանին՝ դեմքի շրջանում: Սակայն, ըստ փաստաբանի՝ իր համար անհասկանալի ձևով Կարեն Բաղրամյանի վերաբերյալ քրեականն գործն առանձնացվել է առանձին վարույթում, և ինքն այժմ չգիտի, թե կոնֆլիկտը որ օրը, որ ժամին է տեղի ունեցել, ինչ մարմնական վնասվածք է պատճառվել: Փաստաբանն ասաց, որ նպատակահարմար կլինի, որ այն գործը քննվի սպանության գործի հետ միասին:
Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ասաց, որ եզրակացությունը կասկած է հարուցում.
«Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Հայկազ Բարսեղյանի վրա հայտաբերված մարմնական վնասվածքների վաղեմությունը որոշվել է մահվանից՝ 30, առավելագույնը՝ 90 րոպե առաջ, ինչը, բնականաբար, հակասում է գործի փաստական հանգամանքներին: Հենց մեղադրական եզրակացության մեջ էլ վարույթն իրականացնող մարմինը որպես հաստատված հանգամանք է գնահատել, որ 2015թ. հունվարի 28-ի ցերեկը՝ ժամը 13:00-14:00-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Բաղրամյանը հարվածել է Հայկազ Բարսեղյանի շրթունքին, որի հետևանքով այն արյունահոսել է: Այդքանով իսկ արդեն իսկ այս եզրակացությունը կասկած է հարուցում, քանի որ, եթե կա հանգամանք, որն էապես հակասում է գործի փաստական տվյալներին, բնականաբար, այն չի կարող հիմնավոր և հաստատված համարվել»:
Արմեն Նադիրյանն ասաց, որ գործով չորս ամբաստանյալները մեղադրվում են սպանությունն առանձին դաժանությամբ կատարելու մեջ, մինչդեռ, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ վնասվածքները հիմնականում տեղակայված են բերանի, շրթունքի շրջանում և հիմնականում քերծվածքների և արյունազեղումների ձևով են, մարմնի այլ հատվածներում, մասնավորապես՝ կրծքավանդակի շրջանում հետքեր չեն հայտնաբերվել:
Եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ՝ նշելով, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի կարող արժանահավատ համարվել: Մասնավորապես, ըստ փաստաբանի, մարդաչափական տվյալները ոչ լրիվ ծավալով են նկարագրվում, սուղ է օղակի նկարագրությունը, եզրակացությունը հիմնավորված չէ, կրում է դեկլարատիվ բնույթ, Հայկազ Բարսեղյանի մահվան ժամանակը սահմանվել է առանց դեպքի վայրում կատարված զննության արձանագրությունն ուսումնասիրելու, բացակայում են մահվան վաղեմության հատկանիշները: Պաշտպանի միջնորդությունը կքննարկվի ապացույցների հետազոտումից հետո:
Մեղադրող Կարեն Հարությունյանն ասաց, որ դատաբժշկի լիազորությունների մեջ չի մտնում պատասխանել հարցին, թե ինչ բութ առարկայի ներգործության հետևանքով է առաջացել վնասվածքը: Նա նշեց, որ ամեն դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու որևէ հիմք չտեսավ: Մեղադրող Հայկ Հարոյանն էլ ասաց, որ դատավարության այս փուլում, երբ դեռևս բոլոր ապացույցերը հետազոտված չեն, փորձաքննության լրիվության մասին խոսելը տեղին չէ: