Որքան ժամանակ Հայկազ Բարսեղյանը կարող էր կախված մնալ, և ինչից է վրա հասել կուրսանտի մահը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր հրապարակվեց Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. կողմերի միջնորդությամբ այն հրապարակվեց ամբողջությամբ: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով: Հ.Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է` պարանոցի 1/3-ի եզակի, ոչ փակ, մագաղաթյա պնդության, վարդադարչնագույնի, ներքևից՝ վերև, առջևից՝ հետ ուղղությամբ, տիպիկ, հետմահու ճմլման ակոս, որն առաջացել է կոշտ մակերես ունեցող բութ առարկայի հետմահու ներգործությամբ, կախելու ընթացքում, որպիսին կարող է հանդիսանալ Հ.Բարսեղյանի պարանոցին գցված օղը: Փորձագետը նշել էր, որ ելնելով դիակային բծերի տեղակայումից, Հայկազ Բարսեղյանը կարող էր կախված մնալ մոտ 8-10 ժամ:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածքների արյունազեղում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղմամբ, որը պատճառվել է կենդանության օրոք, մահվանից րոպեներ առաջ, պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով, չէր կարող պատճառվել իր իսկ կողմից, վերջինիս մահվան հետ գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ:  Նման վնասվածքները, ըստ փորձաքննության եզրակացության, սովորաբար կենդանի անձանց մոտ առաջացնում են առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, որոնք էլ տվյալ դեպքում բերել են մահվան:

Միաժամանակ Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են ձախից այտային, աջից վերին շրթունքի շրջանների քերծվածքներ, աջից վերին և ստորին շրթունքների լորձաթաղանթի պատռվածքներ, որոնք նույնպես առաջացել են կենդանության օրոք, մահվանից մոտ 30 րոպեից մինչև 90 րոպե առաջ, բութ առարկաների ազդեցությամբ: Ըստ եզրակացության՝ դրանք չէին կարող պատճառվել իր իսկ կողմից, և կուրսանտի մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Ըստ հրապարակված փորձաքննության՝ հայտնաբերվել են նաև աջ արմնկածալքի՝ արմնկային միջային երակի վնասումով կտրած վերք և ձախ դաստակի 2-րդ մատի մակերեսային կտրած վերք, որոնք պատճառվել են կենդանության օրոք, հասցվել են սուր եզր ունեցող առարկայով կամ գործիքով, կարող էին պատճառվել ինչպես՝ այլ անձի կողմից, այնպես էլ՝ իր իսկ կողմից: Ըստ եզրակացության՝ դրանք Հայկազ Բարսեղյանի մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս