«Տարիներ շարունակ վերանորոգվում է, բայց մենք այսօր կարողանում ենք Սևան տեղափոխել շատ քիչ քանակի ջուր». Հովիկ Աբրահամյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց պետական բյուջեում վերաբաշխում, կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Արփա-Սևան թունելի հետ կապված լուրջ անելիքներ ունեն. «Տարիներ շարունակ վերանորոգվում է, բայց մենք այսօր կարողանում ենք Սևան տեղափոխել շատ քիչ քանակի ջուր, իսկ եթե մենք վերանորոգենք, մինչև 250 մլն խորանարդ մետր կարող ենք տարեկան ջուր տեղափոխել Սևանա լիճ: Իհարկե, նախագահի հետ քննարկել ենք, որոշումը կայացրել ենք, որ արագ վերանորոգենք, լրացուցիչ մի մաս կա՝ 500-600 մետր: Եվ ես ինքս եղել եմ անցյալ տարի, նայել եմ ինքս:
Եվ դա հնարավորություն կտա, որ մենք վերանորոգումից հետո 250 մլն խորանարդ մետր տարեկան ջուր տեղափոխենք Սևանա լիճ: Եվ դրա համար շատ կարևոր է, որ նախագիծն ավարտենք և նաև ֆինանսական աղբյուրներից հայթայթենք գումար, որպեսզի այդ վերանորոգումն ավարտենք: Ինչքան շուտ ավարտենք, այնքան շուտ մենք կսկսենք ջուրը տեղափոխել, որովհետև ոռոգման համար 40-50 մլն խմ ջուր վերցնելու համար Ազգային ժողովում և, ընդհանրապես, նաև հասարակական կազմակերպությունները մեծ դժգոհություն են հայտնում, իսկ մենք կարող ենք տարեկան մոտ 150 մլն խորանարդ մետր ավելի ջուր տեղափոխել Սևանա լիճ: Սա է խնդիրը»: