«Կուտը մի կերեք». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է:
Ճիշտ, թե սխալ հասկացված պետական շահերի առումով այդ երկրի բոլոր քաղաքական գործիչները միակամ են: Ռուսաստանի պետական շահերը, կարծում եմ, իրապես պահանջում են շանտաժի ենթարկել Թուրքիային եւ խաղարկել բոլոր «խաղաթղթերը», այդ թվում՝ հայկական: Դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանն իսկապես մտադիր է երբեւէ չերկարացնել այդ չարաբաստիկ պայմանագիրը՝ ուղղակի սա եւս մի լծակ է ավելի լավ, ավելի շահեկան դիրքերից Թուրքիայի հետ ի վերջո «բարիշելու»: Իսկ որ դա վաղ թե ուշ տեղի կունենա՝ թող ոչ ոք չկասկածի:
Մի խոսքով՝ ռուսաստանյան քաղաքական գործիչների նման հայտարարությունների դրդապատճառները պարզ են՝ դա բնականոն քաղաքական երեւույթ է: Պարզ չէ որոշ հայերի ոգեւորությունը եւ նրանց ենթադրությունները «չըլլալիք» բաների մասին: Եթե Ռուսաստանը «մեր գեղեցիկ աչքերի համար» պատրաստվում է որեւէ լավ բան անել, ապա եկեք խնդրենք այդ երկրի ղեկավարությանը, որ չխոչընդոտի Հայաստանի՝ տնտեսական եւ քաղաքական կապերի դիվերսիֆիկացմանը: Կարծում եք՝ մենք միայն Ռուսաստանի՞ հարցում ենք այդքան միամիտ: Ոչ, ԱՄՆ-ի հարցում՝ նույնպես»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: