«Այս հայտնի դարձած քրեական գործով կա Շուշանիկ Բախշյանին սատարող մի լուրջ բազմություն». Ալեքսանդր Սիրունյանի պարզաբանումը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 1-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել:
Այդ առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պարզաբանումներ է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահի տեղակալին: Դրանում մասնավորապես նշվում է. «Հասկանում եմ, որ Վաղինակ Մարգարյանի համար ավելի ընդունելի կլիներ փաստաբան Ա. Սիրունյանի հայտարարությունն այն մասին, որ Շուշանիկ Բախշյանը կդատվի: Սակայն փաստաբանական էթիկան բոլորովին այլ բան է հուշում: Այս իմ հայտարարությունից հետագայում եթե նույնիսկ օրենքի տեսանկյունից դժգոհ մարդ լինի, ապա դա Շուշանիկ Բախշյանն է լինելու: Վաղինակ Մարգարյանն այս հայտարարությանս կապակցությամբ պատշաճ դիմող չէ:
Ինչ վերաբերում է տուժողի առողջական վիճակին (այդ թվում՝ լյարդի վիճակին), ապա հայտնում եմ, որ, եթե Վաղինակ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների՝ իմ հարգելի, պալատի միջոցով ակնկալում է տեղեկանալ, թե ես իրականում ինչ ապացույցներ ունեմ հայտնի քրեական գործով, ապա նա պարզապես մոլորության մեջ է:
Վ. Մարգարյանի դիմումի այս մասով, հարգելի պարոն Հովհաննիսյան, գտնում եմ, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կխախտվի դատավարության մրցակցության սկզբունքը, և այս քրեական գործով կողմերս հայտնվելու ենք անհավասար վիճակում: Բացատրեմ, թե ինչու. մինչև դատավարական անհրաժեշտություն չլինի , ես իմ բոլոր խոսքերը հիմնավորող որևէ բացատրություն չեմ տալու ու առավել ևս ապացույցներ չեմ ներկայացնելու (որոնք ունեմ, այն էլ՝ շատ): Դա հասկանում եմ, ըստ Պալատի իրավական ակտերի, մեկնաբանվելու է ի վնաս ինձ: Սակայն, միաժամանակ, բացատրություն տալ կամ նյութեր ներկայացնել չեմ էլ կարող, քանի որ ստիպված պետք է անեմ այն, ինչ ցանկանում է պարոն Վ. Մարգարյանը:
Սակայն մեկ պարզաբանում այժմ կարող եմ տալ: Այո, ըստ փորձագետի եզրակացության՝ Մերի Մարգարյանը մահացել է «HELLP» հիվանդությունից (որը կյանքի օրոք, դժբախտաբար, գրեթե չի ախտորոշվում): Ինչ վերաբերում է նրան, որ փաստաբան Ա. Սիրունյանը չի նպաստում փաստաբանի մասնագիտական բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, ապա հայտնում եմ, որ փաստաբան Ա. Սիրունյանի վարքագիծն է, որ հատկապես նպաստել է փաստաբանի մասնագիտական բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, երբ վերջինս, ինչպես նաև փաստաբաններ Կարեն Կիրակոսյանի ու Անժելա Աբելյանի ջանքերի շնորհիվ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումից րոպեներ անց՝ ուրբաթ օրով՝ աշխատանքային ժամի ավարտից մի քանի րոպե առաջ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բողոքը ներկայացվել է դատարան, աշխատանքային ժամի ավարտից հետո բողոքն ընդունվել է վարույթ, որի արդյունքում ձերբակալումից ընդամենը 24 ժամ անց ապօրինի ձերբակալվածը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել (համաձայնեք՝ նախադեպը չունեցող իրավիճակ): Այս իմաստով գտնում եմ նաև, որ փաստաբաններ Կարեն Կիրակոսյանը և Անժելա Աբելյանը պալատի կողմից արժանի են խրախուսանքի:
Ավելին ասեմ, «հասարակությունից» արդեն բազմահարյուր դիմումներ ենք ստացել, որոնցով մարդիկ ցանկացել են իրական «հասարակական» կարծիք հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր, իրոք, կա մի ընտանիք՝ լուսահոգի Մերի Մարգարյանի ընտանիքը, որն իրոք ցավի ու սգի մեջ է, ու պատահածի մեղավորները իրոք պետք է պատժվեն: Սակայն այնպես է ստացվել, որ այս հայտնի դարձած քրեական գործով կա Շուշանիկ Բախշյանին սատարող մի լուրջ բազմություն (շուրջ 200 հղի կանայք՝ իրենց ընտանիքներով, որոնք Շ. Բախշյանին որպես իրենց բժիշկ ընտրել են նպատակային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր բժիշկները), որոնց արտահայտվելն ու բողոքի ակցիաներ կազմակերպելը ես և Կարեն Կիրակոսյանն ուղղակիորեն հազիվ ենք զսպում:
Հայտնելով վերոգրյալի մասին՝ պալատին կոչ եմ անում Վ. Սարգսյանի դիմումի քննարկման գործընթացում չցուցաբերել սոսկ ձևական մոտեցում, քանի որ այն, հավատացած եղեք, ավելի է լարելու առանց այդ էլ լարված իրավիճակը»: