Բաժիններ՝

«Մագնիտսկու ցուցակի» ընդլայնումից հետո ամերիկացի 5 պաշտոնյաների մուտքը ՌԴ արգելվել է

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է «ամերիկյան իրավապահ համակարգի 5 գործիչների» ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Նման կերպ Մոսկվան պատասխանել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը:

Մոսկվայի անհատական պատժամիջոցների տակ են հայտնվել ԱՄՆ արդարադատության նախկին նախարար Ալբերտո Գոնսալեսը, ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով նախկին տեղակալ Դուգլաս Ֆեյթը, ԿՀՎ-ի նախկին գլխավոր իրավաբաններից Ջոն Ռիցցոն, ԱՄՆ արդարադատության նախարարության նախկին տեղակալ Ջեյ Բայբին ու ԱՄՆ արդարադատության նախարարության նախկին գլխավոր իրավաբան Ուիլյամ Հեյնսը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատժամիջոցային ցուցակի ընդլայնումը «հարված» է անվանել Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս 5 ազգանուն է ավելացրել «Մագնիտսկու ցուցակում»:

Նշենք, որ «Մագնիտսկու ցուցակը» բաղկացած է անուններից, որոնց ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման մեջ ու նրանց դեմ կիրառում է անհատական պատժամիջոցներ: Տվյալ ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ տվյալ անձանց ամերիկյան ակտիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է գործ ունենալ նրանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս