Ըստ Սեյրան Սարոյանի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը լավ հետևանք կունենա
«Որովհետև այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽ ԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի մասին:
Սարոյանի խոսքով՝ ավելի լավ է, որ իրենք բարձրացրեցին այս հարցը. «Հիմա տեսնենք՝ ինչ է ստացվում: Լավ հետևանք կունենա: Իրավական հետևանք կարող է ունենալ էդ ջուրը, որ բաժանում ա, մեզ էլ կհասնի, էլի»:
Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցն օրերս 98 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց։ ԼՂ Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը որպես սպառնալիք ներկայացնող Մ. Մարկովիչը պնդում էր, թե հայկական կողմն այդ ջրամբարը որպես զենք է օգտագործում, սպառնում է ադրբեջանցիներին և զրկում նրանց գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից: