«ԻԼԻՊ-ը կարող է շատ հանգիստ վերցնել Ադրբեջանը, սարքել խալիֆաթ, իսկ թե դրանից ինչ կլինի Հայաստանի հետ, չեմ ուզում նույնիսկ մտածել». Արման Նավասարդյան
«Մենք շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքում լինի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը չտուժի: Բայց դրա կողքին կա նաև համայնքի հարցը: Մենք պետականություն ունենք, ու մեր ազգի մի մասն այնտեղ է, սա միջազգային իրավունքի խնդիր է: Մենք ամեն կերպ պետք է հանդես գանք նրանց շահերի պաշտպանության գործում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց արտակարգ և լիազոր դեսպան, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:
Ըստ նրա՝ Մերձավոր Արևելքում դրությունը վատացավ, երբ Սաուդյան Արաբիան հայտարարեց, թե հակաահաբեկչական կոալիցիա է ստեղծում 34 համախոհ պետություններից բաղկացած՝ իբր կռվելու ԻԼԻՊ-ի դեմ՝ այն դեպքում, երբ նրանք ԻԼԻՊ-ին ծնեցին, սնեցին ու հիմա էլ փայփայում և հզորացնում են.
«Նապատակն Իրանի դեմ պատերազմ հայտարարելն էր, դրա համար այդպես սրվեցին հարաբերությունները: Սա շատ վտանգավոր պահ է, որը նույնպես պետք է հաշվի առնենք, քանի որ մտնելով այս խնդրի մեջ՝ Սաուդյան Արաբիան, փաստորեն, ստեղծեց 6-րդ պատերազմական օջախը տարածաշրջանում»:
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նման քաոսային իրավիճակում պետք է լինի լրիվ չեզոք.
«Երբ մեծերը կռվում են, փոքրերը պետք է ուշադիր հետևեն, իսկ մենք փոքր պետություն ենք: Ռուս-թուրքական հարաբերություններին չպետք է խառնվենք, քանի որ Թուրքիան այնպիսի անասուն է (ներողություն արտահայտությանս համար), որ ամեն առիթ կարող է օգտագործել մեր դեմ: Թուրքիայում այսօր ծնվում է թուրքական ֆաշիզմը: Հայաստանը պետք է չեզոք դիրքորոշում ունենա նաև սաուդաիրանական հարաբերություններում, ինչպես դա անում է Ռուսաստանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի պահվածքին, նա նշեց, որ Ադրբեջանը չեզոք չէ, նա Թուրքիայի կողքին է, բայց հնարավորինս խաղում է երկու ճակատներում.
«Ռուսաստանը չի ուզում ավելի սրել հարաբերությունները, որովհետև պատերազմական նոր «ֆլանգ» բացելը բոլորովին չի բխում Մոսկվայի շահերից, դա կլինի երրորդ պատերազմական դաշտը Ռուսաստանի համար: Բաքվի վիճակը շատ վատ է, Ադրբեջանը տենդի մեջ է, նրա վրա կախված է իսլամացման վտանգը, քանի որ ԻԼԻՊ-ը կարող է շատ հանգիստ վերցնել Ադրբեջանը, սարքել խալիֆաթ, իսկ այդ ժամանակ, թե ինչ կլինի Հայաստանի հետ, չեմ ուզում նույնիսկ մտածել: Ճգնաժամային պահերը հաճախ տրանսֆորմացվում են պատերազմի ձևով, այնպես որ, ապահովագրված չենք հայ-ադրբեջանական պատերազմի վտանգից»: