«Պետք է աշխատանք տանենք, որ այդ փաստաթուղթը չլինի գլխացավանք». Թևան Պողոսյան

«2016 թվականին ԼՂՀ հիմնախնդիրը մնալու է ամենակարևորներից մեկը, հուսով եմ՝ Հայաստանը եվրոպական ինտեգրման ուղին կշարունակի, ու մինչև տարվա վերջ կունենանք ստորագրած նոր իրավական պայմանագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա Հայաստանի Եվրասիական վեկտորի զարգացման մեջ դրական միտումներ չի տեսնում: Նա կարծում է՝ պետք է կարողանանք ՆԱՏՕ-ի հետ համագործակցել, ինչպես նաև՝ պետք է կարողանանք այնպես անել, որ ՀԱՊԿ-ն, որի անդամն ենք, որոշակի աշխատանքներ տանի՝ ի նպաստ մեր երկրի:

Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում քննարկված երկու հակահայկական զեկույցներին՝ Թ. Պողոսյանն ասաց, որ մենք մեծ դասեր քաղելու խնդիր ունենք. «Ի վերջո, անդամակցելով ԵԽ ԽՎ-ին՝ այս տարիներին մենք ի՞նչ չենք արել ու ի՞նչ պետք է անենք, որ կարողանանք այս կառույցներում մեր շահերն առաջ տանել: Մենք ունենք աշխատելու տեղ, պետք չէ թևաթափ լինել, ու պետք է աշխատել, որ ԵԽ ԽՎ-ի բոլոր արժեքային հիմքերի վրա հիմնվելով՝ կարողանանք հայանպաստ աշխատանք տանել: Հուսով եմ՝ այս փորձը կմնա ոչ միայն մեկ անգամվա փորձ, դա հենց կծառայի այն հիմքը, որ ձևավորենք համակարգ միջազգային կառույցներում աշխատելու համար»:

Նրա խոսքով՝ ընդամենը պետք է հասկանալ՝ ինչպե՞ս է կոնկրետ ինչ-որ կառույց աշխատում, ու այդ կառույցում ի՞նչ քայլեր պետք է անել, որ այդ կառույցը երբևէ քեզ չհարվածի. «Փաստորեն, ԼՂՀ-ի իշխանությունները՝ սկսած 2002 թվականից, բարձրաձայնում են, որ ջրի համատեղ օգտագործումը կարող է բարենպաստ անդրադառնալ բանակցային գործընթացի համար, ու այդ ամենն օգտագործվում է իր դեմ, դրա պատճառն այն է, որ միջազգային կառույցներում աշխատելու համակարգ չունենք, մենք պետք է 2001թվականից աշխատեինք»:

Թ. Պողոսյանը կարծում է՝ Հայաստանն ունի խնդիր՝ մասնակցելու այդ կառույցի ախատանքներին, ու տարբեր սցենարներով կարելի է առաջ գնալ, նոր զեկույցներ ներկայացնել, տարբեր խնդիրներ բարձրացնել. «Ադրբեջանին այդ զեկույցները պետք են եղել հղումների համար, Ադրբեջանը գիտեր, որ չի հայտնվելու Սարսանգի ափերին, բայց հղման դաշտեր է դա տալու՝ այլ միջազգային կառույցներում աշխատելու համար, պետք է աշխատանք տանենք, որ այս փաստաթուղթը չլինի գլխացավանք»:

Տեսանյութեր

Լրահոս