«Շատ կցանկանայի ծանոթանալ հայ գրականությանը»
Ֆիֆի Ռոնգի անունը հայ լսարանին գուցե այդքան էլ շատ բան չի ասում, բայց նա բավականին հայտնի է ինչպես՝ իր հայրենիքում՝ Չինաստանում, որտեղ նրա երգերը մշտապես ընգրկվում են լավագույն հիթ շքերթների տասնյակներում, այնպես էլ՝ այլ երկրներում: Ֆիֆի Ռոնգը երգչուհի է, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նա հիմա ապրում և աշխատում է Լոնդոնում: 2013թ. թողարկեց իր առաջին սինգլը՝ «Over You» վերնագրով, որին հաջորդեց «Wrong» ալբոմի ձայնագրությունը: Այժմ նա ունի մի քանի ալբոմ, մի քանի տասնյակ երգեր, որոնք ինքնատիպ են ու տարբերվող:
Ֆիֆիի երգերում համադրվում են հիփ-հոփն ու ջազը, էլեկտրո երաժշտությունն ու չինական ֆոլքը, որի արդյունքը լինում է հետաքրքիր ու տարբերվող աշխատանքը: Մեզ հաջողվեց փոքրիկ հարցազրույց ունենալ երգչուհու հետ, որի թեման գրականությունն էր: Փորձեցինք պարզել, թե ինչ գրքեր է կարդում ու ի՞նչ խորհուրդ կտա կարդալ մեր ընթերցողներին:
«Բավականին քիչ գրքեր կան, որ ես հասունանալուս ընթացքում եմ կարդացել, իսկ դրանց մեծամասնությունը հիմնականում չինական գրքեր են: Մանուկ հասակում ինձ ավելի շատ գրավում էին այն գրքերը, որոնց մեջ կար մթություն և ստվերներ, որոնք իմ մեջ խորը զգացմունքներ էին առաջացնում, այնինչ՝ վերջին տարիներին ես ավելի շատ լույս եմ փնտրում գրքերում»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ չունի իր համար հատուկ ու բացառիկ գիրք, բայց «լույս փնտրելու համար»՝ խորհուրդ տվեց կարդալ «Նոր երկիրը», իսկ «աշխարհայացքը բացելու, ընդլայնելու համար»՝ «Հայտնաբերումից հետո»-ն»:
Մեր հարցին, թե մշակութային պահանջները լրացնելու, ինքնազարգացման ու ինքնակրթության համար նախընտրում է գրքե՞ր կարդալ, թատրո՞ն գնալ, թե՞ ֆիլմեր նայել, երգչուհին պատասխանեց. «Ֆիլմերն ինձ համար ավելի շատ զվարճանք են, գրքերն ուսուցողական են ու ինքնազարգացնող: Ես չունեմ շատ մշակութային կարիքներ, ընդհանրապես իմ երաժշտությունը խլում է ժամանակիս մեծ մասը: Ես սիրում եմ նոր տեխնոլոգիաները: Սիրում եմ դրանցով գիրք լսել, բայց չեմ սիրում կարդալ հեռախոսով կամ iPad-ով, քանի որ ես նախընտրում եմ ջերմ զգացումները՝ կրելով գիրքն իմ ձեռքերի մեջ»:
Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ կցանկանա՞ր, որ իր կյանքի մասին գիրք գրվեր, և, եթե գրվեր, ապա ինչի՞ վրա կուզենար ավելի մեծ շեշտադրում տեսնել: «Զգում եմ, որ իմ կյանքի ուղին դեռ երկար է լինելու, այնպես որ, հիմա չէի ցանկանա որևէ գիրք: Սակայն, եթե լինի, ես անառարկելիորեն կցանկանամ շեշտը դնել ներքին էվոլյուցիայի վրա, որը, հուսով եմ, ինչ-որ կերպ օգտակար կլինի նաև ուրիշներին»,- նշեց նա:
Վերջում փորձեցինք պարզել՝ ծանո՞թ է հայ գրականությանը, ի՞նչ գիտի դրա մասին. «Ոչ, ծանոթ չեմ: Բայց շատ կցանկանայի ծանոթանալ դրան»: