Շուշանիկ Բախշյանի պաշտպանը միջնորդություններ է ներկայացրել. նա միջնորդում է առերեսում կատարել փորձագետի և բժշկուհու միջև
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քննիչին:
Փաստաբանները միջնորդել են առերեսում կատարել հանձնաժողովային փորձաքննությանը մասնակցած փորձագետի և բժշկուհի Շուշանիկ Բախշյանի միջև:
Միջնորդության մեջ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ փորձաքննություններին մասնակցած փորձագետներից մեկը՝ Գագիկ Հարությունյանը քննիչի կողմից հարցաքննվել է և իր ցուցմունքով արել հետևություններ, որոնք փորձագիտական եզրակացություններում չկան.
«Այսինքն՝ փորձագետի ցուցմունքով լրացվել է փորձագետի եզրակացությունը, ինչն արգելված է Քրեական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով: Ավելին, փորձագետ Գ. Հարությունյանն, ըստ էության, ցուցմունք է տվել Շ. Բախշյանի դեմ, ինչը հաստատվել է 2016թ. հունվարի 23-ի Ձեր հայտարարությամբ: Այս պայմաններում, հարգելի պարոն Բաղմանյան, ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Շուշանիկ Բախշյանը Գագիկ Հարությունյանին հարցման ենթարկելու իրավունք ունի: Հայտնելով վերոգրյալի մասին՝ խնդրում եմ Շ. Բախշյանի և Գ. Հարությունյանի միջև կատարել առերեսում»:
Մեկ այլ միջնորդությամբ Ալեքսանդր Սիրունյանը խնդրել է պաշտպանական կողմին տեղեկացնել Շուշանիկ Բախշյանին առաջադրված մեղադրանքի հիմքերի՝ ապացույցների մասին՝ հանգամանորեն ներկայացնելով յուրաքանչյուր ապացույցի բովանդակությունը: Միջնորդության մեջ փաստաբանը նշել է, որ հունվարի 25-ին քննիչի որոշմամբ Շուշանիկ Բախշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
«ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետիհամաձայն՝ Շուշանիկ Բախշյանն ունի ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք: Այդ դեպքում մեղադրանքի բնույթը մեզ քիչ թե շատ պարզաբանվել է, սակայն չեն պարզաբանվել դրա հիմքերը, այսինքն՝ այն ապացույցները, որոնք ընկած են մեղադրանքի հիմքում»,- միջնորդության մեջ նշել է փաստաբանը:
Ներկայացված մյուս միջնորդության մեջ էլ փաստաբանը նշել է, որ իրենք բանավոր միջնորդել են տրամադրել գործում առկա թվով 3 դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում կազմված եզրակացությունների պատճենները, սակայն մերժում են ստացել: Միևնույն ժամանակ քննիչը հայտնել է, որ պաշտպանական կողմը եզրակացություններից քաղվածքներ անելու իրավունք ունի: Նա նշել է, որ ցանկանում են քաղվածքներ անելու իրենց իրավունքից օգտվել և խնդրել է սեղմ ժամկետներում տրամադրել այդ հնարավորությունը:
Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանին ուղղված բողոքում Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ 2016թ. հունվարի 22-ին քննիչի աշխատասենյակում Շուշանիկ Բախշյանի ձերբակալման գործընթացում պաշտպանական կողմը քննիչին բացարկ է հայտնել, այդ մասին ներկայացրել համապատասխան միջնորդություն, որի վերաբերյալ մինչ օրս արձագանք չեն ստացել: Փաստաբանը պահանջել է բացարկի վերաբերյալ որոշում կայացնել:
Քննիչին ուղղված մեկ այլ գրությամբ Ալեքսանդր Սիրունյանը հայտնել է, որ իրենց տեղեկություններով՝ Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո նախաքննական մարմինը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ճից վերցրել է և իր մոտ է պահում Շ. Բախշյանի անձնագիրը: Փաստաբանը խնդրել է հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը, ինչպես նաև հայտնել անձնագիրը վերցնելու պատճառը:
Մեկ այլ գրությամբ էլ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Կարեն Կիրակոսյանը խնդրել է տեղեկատվություն տրամադրել քրեական գործով տուժողի իրավահաջորդի մասին՝ մասնավորևապես նշելով նրա անունը,մ ազգանունը, զբաղմունքի տեսակը. «Խնդիրն այն է, որ զանգվածային լրատվության միջոցներում որպես տուժող Մերի Մարգարյանի իրավահաջորդ հանդես է գալիս նրա եղբայրը, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հանդիսանում է «Հայէկոնոմբանկի» պաշտոնատար անձ և այս առումով հասկանալի չէ գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ հանրային պաշտպանի ներգրավումը»: