«Ինչո՞ւ են այն ժամանակ այդքան էժան գնահատել, ի՞նչն էր պատճառը». Հովիկ Աբրահամյանը՝ Արման Սահակյանին
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է որոշակի տարածք ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերության» կանոնադրական կապիտալում:
Մասնավորպես` նախագծով առաջարկվում է Երևանի Տերյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող 98 633 000 դրամ գնահատված արժեքով 198,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0195 հա հողատարածքը հետ վերցնել «Հայաստանի ազգային կինոկենտրոնից» և այն որպես կանոնադրական կապիտալում ներդրում՝ գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերության» կանոնադրական կապիտալում:
Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացվում էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ումից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչպես է շենքը գնահատվել: Արման Սահակյանն էլ ասաց, որ դա շուկայական արժեքով է գնահատվել: «Բա մենք այդ ամբողջ շենքը ո՞նց էինք վաճառելու մոտ 500 հազար ԱՄՆ դոլար, եթե 200 մետրը մոտ 200 հազար դոլար է»,- հարցրեց վարչապետը:
Արմեն Սահակյանն ասաց, որ կա այլ տարածք ևս, որը պետք է վաճառվի: Նա նշեց, որ ընդհանուր շենքի տարածքը չի կարող այս պահին ասել, այժմ խոսքը վերաբերում է միայն 198,6 քառ. մետրին. «Դե դա եմ ասում: Դա մի քանի անգամ սրանից մեծ է և այն ժամանակ առաջարկվում էր վաճառել 500 հազար դոլարով: Եթե մենք 200 մետրը մոտ 200 հազար դոլար ենք առաջարկում ու արժեքն այդ է, ինչո՞ւ են այն ժամանակ այդքան էժան գնահատել, ի՞նչն էր պատճառը»: