Ծննդաբերած 16-ամյա աղջիկը հայտարարել է, թե խորթ հայրն իր հետ սեռական հարաբերություն է ունեցել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 16-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ: Դատարանը վճռել է նրան 3 տարվա ազատազրկման դատապարտել, միևնույն ժամանակ՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նրա նկատմամբ 1 տարի ժամկետով փորձաշրջան է կիրառվել:

ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 16-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն՝ Ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ խորթ հայրը, տեղյակ լինելով, որ դեռևս իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Առաջադրված մեղադրանքում 16-ամյա աղջիկն իրեն մեղավոր է ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ «Արմենիա» հիվանդանոցում ունեցել է երեխա: Հաջորդ օրը Ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրեն և հարցուփորձ արել, թե ով է երեխայի հայրը: Քանի որ ինքը շփոթված է եղել, չի իմացել, թե ով է երեխայի նյութականը հոգալու, դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի վերջինս պարտավորվի խնամել երեխային: Հետագայում զղջացել է իր կատարածի համար:

Դատարանը, հետազոտելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, վերլուծության ու գնահատման ենթարկելով դրանք իրենց համակցության մեջ, հանգել է այն հետևության, որ ամբաստանյալին մեղսագրված փաստական արարքը հաստատված է ինչպես՝ իր իսկ խոստովանական նախաքննական ցուցմունքներով, այնպես էլ՝ այլ ապացույցներով: Մասնավորապես, նրա մայրը ցուցմունք է տվել, որ աղջիկն «Արմենիա» ԲԿ-ում ծնդաբերել է, որտեղ էլ Ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, թե իբր սեռական հարաբերություն է ունեցել իր երկրորդ ամուսնու հետ: Ինքը համոզված է, որ դուստրը ստել է, քանի որ երկրորդ ամուսինը նրան վերաբերվում էր հոր նման: Բացի այդ, որքան ժամանակ աղջիկը բնակվել է իրենց տանը, մշտապես գտնվել է իր տեսադաշտում, և, եթե նրանք սեռական հարաբերություն ունենային, ապա ինքն անպայման կնկատեր: Հիվանդանոցից տուն գնալուց հետո աղջիկն իրեն պատմել է, որ ստել է, քանի որ հուսալքված է եղել, և, որպեսզի երեխային խնամող լինի, հայտնել է, թե երեխայի հայրն իր երկրորդ ամուսինն է:

Տեսանյութեր

Լրահոս