Բաժիններ՝

«Այսօր անհավանական դեպք տեղի ունեցավ ավտոբուսի կանգառում». Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր անհավանական դեպք տեղի ունեցավ ավտոբուսի կանգառում: «1248s» պետհամարանիշի 42 համարի ավտոբուսը Արշակունյաց պողոտայով մոտեցավ կանգառին:

Այդ ժամանակ կանգառում երկու «Գազել» կար:

Ավտոբուսի վարորդը չկանգնեց սրանց հետեւում, եւ շարունակեց ընթացքը, ինչպես սկզբում կարծեցինք, ավելի հարմար կանգառի համար:

Ու մինչ ուղեւորները փորձում էին կռահել, թե նա կանգառի ո՞ր մասում կկանգնի՝ ավտոբուսի վարորդը, չգիտես ինչու, ներվայնացավ, կիսադատարկ ավտոբուսը առանց կանգառի քշեց, գնաց, ուղեւորներին թողնելով կանգառում՝ -14 աստիճան ցրտին:

Սրանից հետո բավական երկար կանգառում ոչ մի ավտոբուս, տրոլեյբուս չերեւաց: Ու մարդիկ կանգնած էին ընտրության առաջ. կա՛մ խցկվել ազատ նստատեղեր չունեցող «Գազելներ», ու կռացած երթեւեկել, կա՛մ սառել՝ -14 աստիճան ցրտին:

Երեւանի տրանսպորտային համակարգում խայտառակ վիճակ է: Ավտոբուսի վարորդների մեծամասնությունը ավտոբուսը վարում է հեռախոսով խոսելով՝ իրենց անձնական հարաբերությունների նրբությունները ուղեւորների հետ կիսելով, տափակ անեկդոտներ բարձրաձայնելով, չսափրված, ծխելով, ավտոբուսները վարում են անկանոն՝ կարտոֆիլ տեղափոխող բեռնատարի նման:

«Գազելների» մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, որովհետեւ դրանցով երթեւեկելը նվաստացուցիչ է չնստած ուղեւորների համար:

Հենց այս հարցերն էի բարձրաձայնում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, որին պարոն Տարոն Մարգարյանը հերթական անգամ չներկայացավ: Ըստ ամենայնի ԱԺ գալու հետ կապված ինչ-որ վախեր ունի:

Հ.Գ. Երկու շաբաթ առաջ ինձ համար կանգնած եմ ավտոբուսի մեջ: Զգում եմ, որ վարորդը նկատել է ինձ. հայելու մեջ ինձ է նայում, փոխանակ ճանապարհին նայի: Զգացի, որ ինչ-որ բան է մտմտում, ու պատրաստվում է ինչ-որ գիգանտ միտք արտահայտել: Ի վերջո, հավաքեց մտքերը, եւ ինչքան ձայն ուներ գոռաց. «Պարոն Փաշինյան, ընչի՞ մի հատ օրենք չեք ընդունում, որ էս սաղ հայերին գյուլլեն»: Ինչպես ասում են՝ շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս