Բաժիններ՝

Վրաստանում ԱՄՆ դեսպանն արձագանքել է Լավրովի՝ Պանկիսի կիրճում ԴԱԻՇ-ի զինյալներ լինելու մասին հայտարարությանը

Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը «Պանկիսի կիրճի ահաբեկչական սպառնալիքի մասին» ու հայտարարել, որ Վրաստանն ու ԱՄՆ-ն միասին հակազդում են ահաբեկչությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«ԱՄՆ-ն ու Վրաստանը միասին հակազդում են ահաբեկչությանը: Երեկ լսում էինք Մոսկվայում արված հայտարարությունները: Այդ առիթով կօգտվեմ խոսքերից, որոնք պատկանում են Գեորգի Կվիրիկաշվիլուն: Նա հայտարարել է, որ իրավիճակը հսկողության տակ է ու մենք ամբողջությամբ աջակցում ենք նրանց»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը:

Երեկ մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, թե «տեղեկություններ կան, որ ԴԱԻՇ-ի զինյալները օգտագործում են այդ դժվար հասանելի տարածքը մարզվելու, հանգստանալու ու իրենց պահուստները համալրելու համար»:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո, երբ Ռուսաստանը ստիպված էր խստացնել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, պատճառներից մեկը «Պանկիսի կիրճից եկող ահաբեկչական սպառնալիքն էր»:

Ի պատասխան Լավրովի խոսքերի՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Պանկիսի կիրճում իրավիճակը գտնվում է լիակատար հսկողության ներքո:
«Վրաստանի կառավարությունը իրականացնում է ամբողջական հսկողություն ու ոչ մի սպառնալիք Պանկիսի կիրճից, չկա»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս