«Հորդորում ենք ԼՂ հակամարտության կողմերին դիտարկել հրադադարի խախտման դեպքերի հետաքննության առաջարկը կառուցողականորեն». Մաթիաս Քիսլեր

«ԼՂ հակամարտության բանակցությունների ուղիղ նպատակն իրավիճակի դե-էսկալացիան պետք է լինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը` ներկայացնելով Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության առաջնահերթությունները:

Մաթիաս Քիսլերը նախ հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի առաջնահերթությունները հունվարի 14-ին ներկայացրել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և համոզմունք հայտնել, որ ԵԱՀԿ-ն շարունակում է մնալ Եվրոպայի անվտանգության առանցքային խաղացողներից մեկը, որը ներդրել է օպերատիվ գործիքներ ապահովելու համար Եվրոպայի լիարժեք անվտանգությամբ:

Քիսլերը հիշեցրեց նաև, որ ԵԱՀԿ-ն հիմնադրվել է 1975թ. և Գերմանիայի կառավարությունը կարծում է, որպես նախագահող երկիր, պետք է պահպանի ԵԱՀԿ ընդհանուր պարտավորությունները, ուստի Գերմանիայի նախագահությունը կշարժվի այս նպատակի ուղղությամբ:

«Միևնույն ժամանակ պետք է մտածենք ԵԱՀԿ կարողությունների վերանայման մասին, եթե կա անհրաժեշտություն` դրանք համապատասխանեցնելով ապագա մարտահրավերներին: Հավասարապես կարևոր է, որ բոլոր մասնակից երկրները ստանձնեն պարտավորություններ: Մենք, որպես Գերմանիա, պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին: Միևնույն ժամանակ ողջունում ենք մասնակից երկրների մասնակցայնությունը: Այստեղ կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև Հայաստանին»,- ասաց դեսպանը` շարունակելով, որ, այնուամենայնիվ, Գերմանիայի մոտեցումը կլինի պրագմատիկ, ինչը նշանակում է, որ երկխոսության հնարավորությունների փնտրտուք տեղի կունենա ամենակարևոր հարցերի շուրջ առկա տարաձայնությունները հարթելու ուղղությամբ:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ասաց, որ ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահության ավանդական նպատակը աջակցելն է տարածաշրջանային կամ այսպես կոչված երկարաձգված հակամարտություններին:

«Նախարար Շտայնմայերը հստակեցրել է, որ շարունակվելու են ջանքերն այս ուղղությամբ արդեն իսկ հաստատված ձևաչափերի շրջանակում: Մասնավորապես մենք ցանկանում ենք աշխատել կոնկրետ վստահության կերտման վրա, սա չի կարգավորի երկարաձգված հակամարտությունը կարճաժամկետ ապագայում, սակայն մենք կարող ենք աշխատել այս ուղղությամբ՝ թեթևացնելու համար մարդկային տառապանքները, իջեցնելով լարվածության մակարդակը և ուղի հարթելով ապագա կարգավորման համար: Պետք է հստակ նշեմ, որ Ուկրաինան լինելու է մեր նախագահության ուշադրության կենտրոնում: Իհարկե, Հայաստանում Ձեզ հետաքրքրում է Գերմանիայի տեսակետը ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ուզում եմ ի սկզբանե հստակեցնել, որ համոզված ենք՝ ԵԱՀԿ ՄԽ-ն կամ երեք համանախագահող երկրների ձևաչափը միակ ձևաչափն է հակամարտող երկրների բանակցությունների համար: Նախարար Շտայնմայերը, կրկին հղում կատարեմ նրա ելույթին, հունվարի 14-ին նշեց, որ Գերմանիան լիովին աջակցում է համանախագահների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Նախարարը նաև պահանջեց, որ այս ջանքերը մեկ քայլ առաջ ընթանան: Մենք անհանգստացած ենք շփման գծին և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակով և մասնավորապես ծանր սպառազինության գործածմամբ, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակի աճի: Մենք կարծում ենք, որ ապաէսկալացիան պետք է ուղիղ նպատակը լինի: Այս պատճառով էլ մենք լիովին աջակցում ենք համանախագահների նախաձեռնությանը ստեղծել մեխանիզմ, որը կուսումնասիրի հրադադարի խախտման դեպքերը: Նախարար Շտայնմայերն իր ելույթում այս մասին ևս ընդգծել է: Մենք, այնուամենայնիվ, հորդորում ենք հակամարտող կողմերին դիտարկել այս առաջարկը կառուցողականորեն»,- ասաց դեսպան Քիսլերը` հավելելով, որ համոզված են` ստատուս քվոյի հաղթահարման համար  քաղաքական կամք է անհրաժեշտ բոլոր կողմերից, որին կաջակցի նաև բնակչությունը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ Հայաստանն ու ԼՂ-ն կողմ են արտահայտվում խախտման դեպքերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրմանը, իսկ Ադրբեջանը` ոչ և Գերմանիան ինչպե՞ս կմիջամտի այս հարցին, նա պատասխանեց, որ երկու կողմերի հետ իրենց բոլոր շփումների ընթացքում իրենք ընդգծել են մեխանիզմների ներդրման կարևորության մասին:

Տեսանյութեր

Լրահոս