5000-ական դոլար տրվեց Հայաստանում աշխատող 32 գիտական խմբերին
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Հայաստանում աշխատող 32 գիտական խմբեր ստացան Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund-ANSEF) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Ներկայացված 244 հայտերից հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 24 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա:
Հաղթող գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը` կանայք: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, գիտական աշխատանքները ուսումնասիրում է միջազգային հետազոտական խորհուրդը, որը գործում է Նյու Յորքում և բոլոր աշխատանքներն արվում են անաչառ սկզբունքով: Նա նաև հաղորդեց ամերիկահայ նշանավոր աստղաֆիզիկոս, Քորնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի խոսքերը.
«Հայ գիտնականների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքների մակարդակը շատ բարձր է և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Դա են վկայում նաև գիտական աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրված նրանց հարյուրավոր հոդվածները»:
Հիշեցնենք, որ ՀԱԳԿՀ հիմնադրվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի (ՀՕՖ) շրջանակներում և սկսած 2001թ. տարեկան շուրջ 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին (2014-ին` 31, 2015-ին՝ 30, 2016-ին՝ 32)։ Մինչ օրս ՀԱԳԿՀ տրամադրել է 419 դրամաշնորհ, որոնցից օգտվել է շուրջ 700 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։ Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար:
ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:
Հիմնադրամի համացանցային կայքէջն է՝ http://www.ansef.org/
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ