Բաժիններ՝

«Հայո՛ց Բանակ, մեր ազգային ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք…»

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը Հայոց Ազգային Բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ

«Հայաստանապաշտ գաղափարախոսություն, անձնազոհ նվիրվածություն. ահա՛ բանակաշինության անկասելի ընթացքն ու փառահեղ հաղթանակների հիմքը…

Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն անհրաժեշտ է քո ծննդյան օրվա խորհուրդը, Հայո՛ց Բանակ, մեր ազգային ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, երկրի, հայրենի հողի պաշտամունքին զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք:

Դու ողջ հայության բանակն ես, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, Հայրենիքի սիրտն ու իր գենի արծվաթռիչ զարկերակը. Դու մեր ուժն ես, մեր աննկուն հպարտությունն ու ոսոխի սարսափը, Դո՛ւ ես մեր բազմանվաճ հաղթանակների զենքը, իսկ ահա Քո ամենահզոր զենքն ու անընկճելի ուժը Քո ազգային ոգին է:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ 24 գարուններիդ պատվավոր լուսաբացները և մաղթում Քեզ զորավոր ուժի ու բանականության միասնություն, անխոցելի մարտավարություն, բարձրագույն ռազմարվեստի տիրապետման նախնյաց ժառանգություն, աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պահող անբեկանելի երդում…

Թո՛ղ փառավորվի սահմանապահ քաջակորով զավակներիդ անունները լույսի ճանապարհ անցնելիս:

Երախտագիտության և խոնարհումի խոսքս եմ ուղղում հայոց քաջերի պանթեոնի՝ Եռաբլուրի բոլոր ննջեցյալներին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի և իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները, և սուրբ հողի պահապան արծվային սլացք ունեցող զավակներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան՝ Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ՝ համարձակություն, ուժ և պատիվ՝ ամուր են պահում մեր թիկունքն ու անառիկ՝ մեր սահմանները:

Այսօր էլ հանգիստ չեն մեր սահմանները, սակայն Հայկյան դյուցազուն զավակներիդ արիաբար դիմադրելու շնորհիվ է, որ խաղաղ են մեր արևածագերը, քանզի կամքդ հաստատ է, Հայոց Բանա՛կ, նվաճումներդ՝ արդար:

Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ Քե՛զ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:

«Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին…

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային Բանակ:

Փա՛ռք ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ,
Փա՛ռք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ:
ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ»:

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս