«Հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տվեցին քաղաքական բովանդակություն». ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը:

Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին:

Բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները:

Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձեւը:

Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձեւին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն:

Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձեւերի քվեարկության ժամանակ եւ իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ ԼՂ կարգավորման համար վտանգավոր զեկույցը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակություն

 

Տեսանյութեր

Լրահոս