«Այս հաջողության մեջ տեսանելի է ոչ այնքան հայկական պատվիրակության վաստակը, որքան ՄԽ համանախագահների և համանախագահ երկրների ջանքերը». Ռուբեն Մեհրաբյան

«Տեղի ունեցավ Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն այն իմաստով, որ մերժվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար շատ վտանգավոր ձևակերպումներ պարունակող Ռոբերթ Ուոլթերի զեկույցի ընդունումը, մի զեկույց, որը կարող էր վտանգել խաղաղ բանակցությունների գործընթացը: Եվ կարևոր է, որ ԵԽ ԽՎ պատգամավորների մեծ մասի մոտ այդ ընկալումը կար, որ պետք չէ խոչընդոտներ ստեղծել Մինսկի խմբի համար՝ բարդացնելով առանց այդ էլ բարդ աշխատանքը, որը, ինչպես մենք տեսնում ենք, բախվում է Ալիևի ռեժիմի ոչ կառուցողական դիրքորոշման հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում պատգամավորների քվեարկությունը:

Հիշեցնենք՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը մերժվեց, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցն ընդունվեց:

Ռ. Մեհրաբյանը շեշտեց, որ այս հաջողության մեջ տեսանելի է ոչ այնքան հայկական պատվիրակության վաստակը, որքան ՄԽ համանախագահների և համանախագահ երկրների ջանքերը, որ նման ընթացք ստացվեց:

Սրասանգի ջրամբարի հետ կապված փորձագետը նշեց, որ այստեղ, ի վերջո, ջրի հարցը շատ կարևոր է և դուրս է քաղաքականությունից, ինչ մասին ԵԽ ԽՎ-ում ելույթ ունեցողները նույնպես նշել են. «Սակայն այստեղ ես հայկական կողմի համար վտանգ չեմ տեսնում, որովհետև ԼՂ իշխանությունները ադրբերջանական կողմին բազմիցս առաջարկել են համատեղ քայլեր անել, որպեսզի ջրային պաշարներից օգտվի նաև Ադրբեջանի սահմանամերձ շրջանի բնակչությունը, սակայն Ադրբեջանը մշտապես քաղաքականացնում է այդ հարցը և հրաժարվում որևէ համագործակցությունից ԼՂ իշխանությունների հետ: Ես կարծում եմ, որ այս բանաձևի իրականացման փուլում այդ ամեն ինչը ջրի երես դուրս կգա և ես չեմ տեսնում, որ այստեղ հայկական կողմերը վախենալու բան ունեն, չնայած շատ և քրտնաջան աշխատելու տեղ կա»:

Կարդացեք նաև

Հարցին՝ եթե ադրբեջանական կողմը հրաժարվում է համագործակցելուց, չի՞ ստացվում, որ այս բանաձևի ընդունումը ինքնանպատակ է, Ռ.Մեհրաբյանը պատասխանեց, որ դրա պատասխանը Ալիևի ռեժիմը պետք է տա ջրի սակավությունից տառապող ադրբեջանական բնակչությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս