Հայաստանում 44-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել իր դստերը բռնաբարելու, նրան պոռնոֆիլմեր ցույց տալու, խոշտանգելու համար
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել հարազատ աղջկան բռնաբարելու, նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և այժմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Ինչում է նա մեղադրվում
44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանն ակնհայտ 16 տարին չլրացած իր դստեր նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել`պոռնկագրական տեսաֆիլմեր և նկարներ ցուցադրելով, սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ լկտի զրույց տանելով, անպարկեշտ ձևով հպվելով նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ շոյելով սեռական օրգանները, նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը, նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնել և բավարարել սեփական սեռական պահանջմունքները: Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի այլ դրվագներով՝ իր տանը, մեքենայում նրա հետ, նրա կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, անհաղթահարելի ֆիզիկական ուժ կիրառելով, դստեր հետ բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոշտանգել է իր անչափահաս և իրենից նյութական կախվածություն ունեցող դստերը` նրան պարբերաբար ծեծելու, հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ շփումները երկարատև ժամանակով սահմանափակելու և արգելելու միջոցով, ուղղակի դիտավորությամբ բազմանգամյա ցավ, մարմնական և հոգեկան երկարատև տառապանքներ պատճառելով:
Ինչ է հաստատվել նախաքննության ընթացքում
Ըստ դատական ակտի՝ մինչդատական վարույթի ընթացքում հաստատվելէ, որ խորհրդատվական հաշվառման մեջ է գտնվել հոգեբուժական կաբինետում «սուր զառանցանքային համախտանիշ» ախտորոշումով, ապա՝ «հետտրավմատիկ սթրեսային խանգարում» ախտորոշմամբ։ Նարկոլոգիական կաբինետում հաշվառման մեջ չի գտնվել։ Նրա ընտանիքում մշտապես եղել են անհաշտ հարաբերություններ, նա ու կինը միշտ վիճել են իրար հետ, և շատ դեպքեր են եղել, որ կինը, վերցնելով դստերը, հեռացել է տանից, գնացել է հայրական տուն։ Տղամարդը մշտապես ընտանիքի անդամներին ճնշել է, ծեծել ու նեղացրել, այդ իսկ պատճառով աղջիկը զզվել է հորից, ատելություն է զգացել նրա նկատմամբ։ Արթուրը մշտապես շատ խիստ է եղել նաև Անի Հովհաննիսյանի նկատմամբ, արգելել է խաղալ կամ այլ կերպ շփվել բակի երեխաների հետ, նույնիսկ չի թույլատրել ընկերուհիների հետ շփվել։ Չի թողել, որ նա տանից միայնակ դուրս գա։ Եղել են նույնիսկ դեպքեր, որ խանութ գնալու և ուշ տուն վերադառնալու պատճառով ծեծել է աղջկան։ Այս ամենի պատճառով Անի Հովհաննիսյանը հորը չի սիրել ու նրանից վախեցել է, քանի որ հայրը նրան ծեծել է, արգելքներ է դրել նրա առջև, չի թողել, որ այցելի հարազատ քույրիկին։ Արգելել է քրոջ կողքին նստել, հյուր եկած մարդկանց հետ շփվել։ Նույնիսկ արգելել է քրոջ հետ հեռախոսով զրուցել, իսկ աղջիկը քրոջը շատ է սիրել, ուստի այդ արգելքն իր համար շատ ծանր է եղել։ Հատկապես 2014թ. հունիս-հուլիս ամիսներին շատ է ծեծել դստերը, ամեն մի չնչին բանի համար նախատել է։ Դասից ուշ տուն գնալու համար ծեծել է՝ չհավատալով, որ աղջիկը դասերն իրականում ուշ է վերջացրել, մտածել է, թե տղաների հետ է շփվել։ Հարվածել է ձեռքերով, ապտակներ է հասցրել։ Եղել են դեպքեր, որ աղջիկը ծեծի հետևանքով առաջացած կապտուկներով գնացել է դասի։ Դեմքը թաքցրել է, որ ոչ ոք չտեսնի դեմքի կապտուկները։ Կապտուկները նկատած համադասարանցուն խաբելով ասել է, որ կապտուկներն առաջացել են տան դռանը պատահաբար հարվածելու արդյունքում:
Ըստ դատական ակտի՝ մինչդատական վարույթի ընթացքում հատատված է համարվել, որ հայրը մի քանի անգամ տարբեր առիթներով դստերը խաբելով՝ իբր առանձին խոսելու բան ունի հետը, կանչել է ննջասենյակ, ներսից բանալիով սենյակի դուռը փակել է, նստել է նրա կողքին և բջջային հեռախոսով անչափահաս աղջկան ցույց է տվել պոռնոգրաֆիկ բնույթի վիդեոներ ու նկարներ։ Աջիկը չի ցանկացել դիտել դրանք, գլուխը թեքել է, հորը ամոթանք է տվել՝ ասելով, որ հարազատ հայր ու աղջիկ են, բայց հայրը պատասխանել է, որ վիդեոներում եղած այդ նույն գործողությունները վերջում իրար հետ են կատարելու, դրա համար ցուցադրում է, հայրը ձեռքերով շոյել է անչափահաս դստեր մարմնի տարբեր մասերը, կրծքերը, սեռական օրգանները։ Աղջիկը մի կողմ է հրել հորը, մի կողմ է քաշվել, սակայն հայրը շարունակել է ցուցադրել ու նրա մարմնի տարբեր մասերին հպվել։
Միաժամանակ՝ դստերը սպառնացել է, որ, եթե այդ ամենի մասին ինչ-որ մեկին աղջիկն ասի, ապա այդ անձին վնաս կտա կամ կսպանի։ Հետագայում նորից մի քանի անգամ, տանը երկուսով եղած ժամանակ, տղամարդը բջջային հեռախոսի ինտերնետ ծառայության տարբեր կայքերով պոռնոգրաֆիկ բնույթի վիդեոներ է ստիպողաբար ցույց տվել դստերը, միաժամանակ անպարկեշտ թեմաներով զրույցներ է վարել ու ձեռքերով հպվել է նրա մարմնի տարբեր մասերին, շոյել է սեռական օրգանները, կրծքերը։ Աղջիկը չի ցանկացել դիտել, գլուխը պտտել է, բայց հայրը բռնել է ձեռքերով գլխից, հեռախոսը մոտեցրել է աչքերի առաջ, ստիպել է, որ նայի։ Աղջիկն աչքերը փակել է, սակայն հայրը սպառնացել է, որ, եթե չնայի, ապա նրան դանակով կհարվածի, կամ, եթե ինչ-որ մեկին ասի այդ ամենի մասին, ապա վնաս կտա։ Աղջիկն այս ամենի մասին ոչ ոքի չի ասել, քանի որ վախեցել է հոր կողմից տրված սպառնալիքներից։
Գործով չպարզված օրը հայրն ավտոմեքենայով կայանել է մի ամայի վայրում։ Աղջիկը նստած է եղել ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին։ Հայրն ասել է, որ տեղափոխվի հետևի նստատեղին, իսկ երբ աղջիկը հարցրել է, թե ինչի համար տեղափոխվի, հայրը զայրացած տոնով ասել է, որ, եթե բան է ասում, ապա առանց հարցեր տալու՝ պետք է անի։ Աղջիկը տեղափոխվել է հետևի նստատեղին, հայրն էլ է անցել ավտոմեքենայի սրահի հետևը, ստիպողաբար քաշելով հանել է աղջկա հագի ջինսե տաբատն ու ներքնազգեստը, հարաբերություն ունեցել աղջկա հետ՝ սպառնալով սպանել նրան:
Գործով չպարզված մեկ այլ օր հայրն ու դուստրը տանը միայնակ են եղել։ Հայրն անչափահաս դստերը կանչել է սենյակ, պահանջել է, որ նստի կողքին։ Կողքին նստելուց հետո սկսել է նրա մարմնի տարբեր մասերը ձեռքերով շոյել, այդ թվում՝ սեռական օրգանների շրջանը։ Աղջիկը նստած տեղից վեր է կացել ու ցանկացել է դուրս գալ ննջասենյակից։ Բայց հայրը հրել է ձեռքով ու գցել է մահճակալի վրա։ Ջղայնացած ու խիստ տոնով կարգադրել է, որ հանի հագուստները։ Աղջիկն ասել է, որ չի ցանկանում հանվել ու, առավել ևս, հարաբերություն ունենալ հոր հետ։ Այդ լսելով՝ հայրն ագրեսիվ ձևով հարձակվել է դստեր վրա, ստիպողաբար քաշելով հանել է կարճ անդրավարտիքն ու ներքնազգեստը, սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Աղջիկը գոռացել է, փորձել է նրա ձեռքից ազատվել, բայց նա ձեռքի ափով փակել է բերանը և շարունակել է սեռական գործողությունները։ Շուրջ 5 րոպե տևած հարաբերության ժամանակ սպառնալիքներ է տվել՝ ասելով՝ «ձայնդ չլսեմ, կսպանեմ, կխփեմ», ու նմանատիպ այլ սպառնալիքներ։ Աղջիկը վախեցել է, քանի որ բազմիցս տեսել է, թե հայրը մորը ոնց է ծեծում, ու չի էլ կասկածել, որ այդ ամենի մասին ինչ-որ մեկին պատմելուց հետո իրեն կսպանի։ Թեև փորձել է հորը հետ հրել ու նրա ձեռքերից ազատվել, սակայն հայրը ֆիզիկապես ուժեղ է եղել, ու չի կարողացել անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ։ Հանկարծ լսվել է մուտքի դռան զանգի ձայնը։ Հայրն անմիջապես դադարեցրել է սեռական հարաբերությունը, դստերը կարգադրել է, որ հագնվի, ինքն էլ է հագնվել ու գնացել է դուռը բացելու, քանի որ հարաբերություն ունենալուց առաջ մուտքի դուռը ներսից կողպել էր։
Դրանից 4 օր անց հոր հետ երկուսով տանը էլի միայնակ են եղել։ Կեսօրից հետո հայրը մուտքի դուռը ներսից կողպել է, որից հետո մտել է ննջասենյակ։ Հասկանալով հոր անպարկեշտ մտադրությունը՝ աղջիկը դուռը բացել է, սակայն հայրը լսել է դռան բացելու ձայնը և զայրացել է, թե ինչու է դուռը բացում։ Խաբել ու հորն ասել է, որ մարդ է սպասում, սակայն հայրը կարգադրել է փակել դուռը, իսկ աղջիկը վախենալով՝ այդպես էլ արել է։ Դրանից հետո հայրն աղջկան կանչել է ննջասենյակ։ Աղջիկը հրաժարվել է այնտեղ գնալուց, բայց հայրը ձեռքից քաշելով՝ տարել է սենյակ, հրել գցել է մահճակալի վրա, ստիպողաբար հանել է հագուստը և բռնություն գործադրելով՝ ձեռքերը բռնելով, բերանը փակելով, դստեր կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։
Դրանից մեկ կամ երկու օր անց՝ հայրը դստերն ասել է, որ «շորտիկ» հագնի, քանի որ միասին գնալու են տեղ։ Աղջիկը, կասկածելով, որ հայրը հերթական անգամ ուզում է ապահով տեղ տանել՝ հետը հարաբերություն ունենալու համար, բոլորից աննկատ տանից հեռացել է ու գնացել է քրոջ տուն, նրան պատմել է ողջ եղելությունը՝ ամենայն մանրամասնությամբ։ Սկզբում չեն ցանկացել Ոստիկանություն դիմել՝ խղճալով հորը։ Սակայն օրեր անց հայրը սպառնացել է, որ, եթե դուստրը տուն չվերադառնա, ապա վատ կլինի, տունը կհրկիզի։ Այդ ամենից աղջկա քույրը վրդովվել ու զայրացել է և ահազանգել է իրավապահ մարմին:
Ըստ դատական ակտի՝ երեք դրվագ բռնաբարության հոդվածով առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ընտանիքի անդամներով հիմնականում ապրել են հաշտ, սակայն ժամանակ առ ժամանակ կնոջ հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է։ Իմացել է, որ փոքր աղջիկը համացանցով շփվում է մի տղայի հետ, ով բնակվում է իր մեծ աղջկա տանը: Նկատել է, որ մեծ քրոջ ամուսնու տանից բացակայելու ժամանակ այդ տղամարդն իր մեծ աղջկա հետ նույն սենյակում քնած է եղել։ Այս կապակցությամբ ինքը նախատել է աղջկան, իսկ վերջինս չընդունելով իր դիտողությունը՝ ասել է, որ հաջորդ անգամ այդ տղայի հետ կապված եթե դիտողություններ անի, ապա իր համար լավ չի լինի։ Այս ամենի մասին նույնիսկ զրուցել է փեսայի հետ, ու վերջինս ասել է, որ դա իր անձնական հարցն է և թող ուրիշներին չհետաքրքրի։ Ինքը չի հաշտվել աղջկա վարքագծի հետ, անընդհատ նախատել է, իսկ վերջինս էլ սպառնացել է, թե իր «գլխին սարքելու է», որպեսզի իրեն հանգիստ թողնի, իրեն տվել է ամենավերջին խուլիգանական հայհոյանքները և սպառնացել է՝ ասելով, որ չխառնվի անձնական հարցերի մեջ։ Այս ամենն է եղել պատճառը, որ ինքը թույլ չի տվել, որպեսզի փոքր աղջիկը գնա մեծ աղջկա տուն, որովհետև այդ տղան այնտեղ է եղել, ու ինքը տեղյակ է եղել, որ համացանցով՝ «Համադասարանցիներ» սոցիալական կայքով, նրանք իրար հետ սիրո թեմաներով գրագրություններ են անում։
Այս ամենը բացահայտելուց հետո, ստիպել է փոքր աղջկան, որ փակի կայքի անձնական էջը, բայց մեծ աղջկա հետ հարաբերությունները լարված են եղել, զգացել է, որ դարձել է աղջկա թիվ մեկ թշնամին, քանի որ իր հորդորներն ու ու պահանջները՝ վարքագիծը փոխելու կապակցությամբ, աղջկան հանել են հունից: Փոքր աղջիկը գտնվել է մեծի տանը, ինքը վիճել է մեծ աղջկա ամուսնու հետ, մտադիր է եղել Ոստիկանություն դիմել, որպեսզի փոքր աղջկան հետ վերադարձնեն տուն, այնինչ աղջիկներն ավելի շուտ են դիմել ոստիկանություն և «շառ են արել» իր վրա։ Իր կարծիքով աղջիկներն իր վրա «շառ անելով»՝ փորձում են այդ եղանակով ազատվել իրենից ու ազատ կյանք վարել։ Փոքր աղջիկն էլ ընկել է մեծ աղջկա ազդեցության տակ, դրա համար այդպիսի պատմություններ է հորինում։ Աղջկան ինքը չի արգելել հարազատների հետ շփվել, այլ նրան արգելել է գնալ ու մնալ քրոջ տանն ու շփվել այնտեղ ապրող տղայի հետ։ Ինքն աղջկան չի ծեծել ու մարմնական կամ հոգեկան տառապանքներ չի պատճառել: Հնարավոր է՝ դաստիարակչական ձևով մեկ հայրական ապտակ հասցրած լինի:
Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել նաև դատաքննության ընթացքում և պնդել է նույն նախաքննական ցուցմունքը, որ ինքը ծեծել է աղջկան, քանի որ նա սոցիալական կայքերով շփվում էր իր մյուս աղջկա տանն ապրող տղայի հետ, որին ինքը չի հավանել և դեմ է եղել նրանց հարաբերություններին: Ինքը դաստիարակչական ապտակներ է տվել աղջկան, ինքը նման անբարո գործողություններ չի արել իր աղջկա նկատմամբ և դատարանին խնդրել է իրեն արդարացնել:
Անչափահաս տուժող աղջիկը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ հայրը նախկինում դատապարտված է եղել մի քանի անգամ: Իրենց ընտանիքում մշտապես եղել են անհաշտ հարաբերություններ, հայրն ու մայրը միշտ վիճել են իրար հետ, և շատ դեպքեր են եղել, որ մայրն իրեն վերցնելով՝ հեռացել է տանից, գնացել է հայրական տուն։ Հայրը մշտապես շատ խիստ է եղել իր նկատմամբ, մշտապես արգելել է խաղալ կամ այլ կերպ շփվել բակի տղաների հետ, չի թողել տանից միայնակ դուրս գալ։ Եղել են դեպքեր, որ խանութ գնալու և ուշ տուն վերադառնալու պատճառով հայրը ծեծել է իրեն։ Նույնիսկ չի թույլատրել ընկերուհիների հետ շփվել։ Այս ամենի պատճառով ինքը հորը չի սիրել ու նրանից վախեցել է, հայրը մշտապես ընտանիքի անդամներին ճնշել է, ծեծել ու նեղացրել։ Սակայն իր և մոր, ինչպես նաև մեծ քրոջ հարաբերությունները մշտապես շատ լավ են եղել։
Մի քանի անգամ տարբեր առիթներով իրեն խաբելով՝ իբր առանձին խոսելու բան ունի հետը, կանչել է ննջասենյակ, ներսից բանալիով սենյակի դուռը փակել է, նստել է իր կողքին և բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել պոռնովիդեոներ։ Ինքը չի ցանկացել նայել, գլուխը թեքել է, հորն ամոթանք է տվել՝ ասելով, որ հարազատ հայր ու աղջիկ են, նման բաներ չանի։ Հայրը պատասխանել է, որ վիդեոներում եղած այդ նույն գործողությունները վերջում իր հետ անելու է, ցուցադրում է, որպեսզի սովորի։ Պոռնովիդեոները ցուցադրելու հետ միաժամանակ՝ հայրը ձեռքերով շոյել է իր մարմնի տարբեր մասերը, կրծքերը, սեռական օրգանները։ Ինքը մի կողմ է հրել հորը, մի կողմ է քաշվել, սակայն հայրը շարունակել է ցուցադրել ու իր մարմնի տարբեր մասերին հպվել։ Նույն ամսվա ընթացքում նմանատիպ գործողություններ հայրն իր հետ նույն սենյակում կատարել է մի քանի անգամ, կոնկրետ կամ մոտավոր թիվ չի հիշում։ Հայրը սպառնացել է, որ, եթե այդ ամենի մասին ինչ-որ մեկին ինքն ասի, ապա այդ անձին վնաս կտա, կսպանի։ ՌԴ-ից վերադառնալուց հետո մայիս ամսին նորից մի քանի անգամ, տանը երկուսով եղած ժամանակ բջջային հեռախոսի ինտերնետ կայքերով պոռնովիդեոներ է իրեն ցույց տվել, միաժամանակ անպարկեշտ թեմաներով զրույցներ է վարել ու ձեռքերով հպվել է իր մարմնի տարբեր մասերին, շոյել սեռական օրգանները, կրծքերը։ Ինքը չի ցանկացել նայել, գլուխը պտտել է, բայց հայրը բռնել է ձեռքերով գլխից, հեռախոսը մոտեցրել է աչքերի առաջ, ստիպել է, որ նայի։ Ինքն աչքերը փակել է, սակայն հայրը սպառնացել է, որ, եթե չնայի, ապա իրեն դանակով կհարվածի, կամ, եթե ինչ-որ մեկին ասի, ապա նորից վնաս կտա։ Նմանատիպ դեպքեր մի քանի անգամ տեղի են ունեցել մայիս-հունիս ամիսներին։ Ինքն այս ամենի մասին ոչ ոքի չի ասել, քանի որ վախեցել է հոր կողմից տրված սպառնալիքներից։ Աղջիկը պատմել է նաև բռնաբարության դեպքերի մասին:
Հետագայում նա գրավոր դիմում է հասցեագրել վարույթն իրականացնող մարմնին այն մասին, որ հոր դեմ չի բողոքում, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ նա իր հարազատ հայրն է, իր համար դժվար է բողոքելը, ու նրա երկարատև ժամանակով ազատազրկման վայրում մնալն առաջինն իրեն կվնասի, քանի որ ինքը դեռևս անչափահաս է ու ունի հոր խնամքի և հոգատարության կարիքը։
Ապա մեկ այլ դիմում է հասցեագրել Դատախազություն, որով հայտնել է, որ իր կողմից տրված հայտարարության կապակցությամբ իր հարազատ հոր դեմ հարուցվել է քրեական գործ։ Նախկինում ցուցմունք է տվել հոր դեմ, սակայն տվել է սխալ ցուցմունքներ, քանի որ նյարդայնացած է եղել ու չի հասկացել իր պատմածների նշանակությունը: Միաժամանակ դիմումով ցանկություն է հայտնել լրացուցիչ ցուցմունք տալ ու ներկայացնել ճշմարտությունը։
Տուժող աղջիկն իր լրացուցիչ ցուցմունքում ասել է, որ իրենց ընտանիքում մշտապես եղել են կռիվներ ու վեճեր։ Հայրն իրեն ծեծել է, երբ դասի կամ խանութ գնալիս ուշ է վերադարձել տուն՝ չհավատալով, որ ուշացումները կապված են արտաժամյա դասերի ու այլ օբյեկտիվ հանգամանքների հետ։ Հայրն իմացել է, որ «Համադասարանցիներ» ինտերնետային կայքով շփվել է քրոջ ընկերուհու տղայի հետ, հայրն իմացել է այդ մասին ու իրեն ծեծել է։ Չի թողել շփվել ոչ ոքի, նույնիսկ հարազատ քրոջ հետ, իսկ հակառակ դրան՝ ինքը մեծ ցանկություն է ունեցել քրոջ հետ շփվելու։ Այդ ամենից, հոր վերաբերմունքից ինքը զզվել է ու փախել-գնացել է քրոջ տուն։ Քրոջը խաբել ու սուտ բաներ է պատմել, թե իբր հայրն իր հանդեպ վատ բաներ է արել, բռնաբարել է։ Համոզված է եղել, որ քույրն իրեն կհավատա, դրա համար քրոջը խաբել է։ Որոշ ժամանակ մնացել է քրոջ տանը, հետո քույրը զանգահարել է Ոստիկնություն ու այն, ինչ որ ինքը պատմել է քրոջը, քույրն էլ իր հերթին՝ հայտնել է Ոստիկանություն: Սկզբնական ցուցմունքը տալու ժամանակ ինքը «լցված» է եղել հոր նկատմամբ, դրա համար է սուտ ցուցմունքներ տվել հոր դեմ։ Իսկ հետո խղճի վրա ազդել է։ Եթե սկզբնական ցուցմունքներում հայտնած տեղեկություններն իրականությանը համապատասխանեին, ապա ինքը հենց դեպքերից անմիջապես հետո կդիմեր Ոստիկանություն, հենց առաջին դեպքից հետո կզանգահարեր ու չէր թողնի, որ երեք անգամ կրկնվեր, անմիջապես կդիմեր, այլ ոչ թե՝ տևական ժամանակ հետո։
Քրեական գործի նախաքննության ավարտական փուլում նա գրավոր դիմում է հասցեագրել Դատախազություն այն մասին, որ իր կողմից սուտ հաղորդում ներկայացնելու դրդապատճառ է եղել այն, որ ինքը շատ զզված ու հոգնած է եղել իր հոր շատ խիստ արարքներից, ով ամեն մի չնչին և անհիմն պատճառով ձեռք է բարձրացրել իր վրա ու անտեղի ծեծել է, իրեն դաստիարակել է դաժան ու անմարդկային ձևով: Ցուցաբերել է իր նկատմամբ գրեթե ամենօրյա վատ, դաժան վերաբերմունք, վիրավորանքներից ու ծեծից բացի, ուրիշ ոչ մի բան չի եղել:
Անչափահաս տուժողը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ իրոք ինքը ստել է, սխալ ցուցմունքներ է տվել հոր հասցեին, իրականում նման բաներ չի եղել: Ինքը վիրավորված է եղել իր հորից, որ չի թողել իրեն շփվել իր քրոջ հետ և հարազատների հետ: Իր հայրն իրեն ծեծել է անընդհատ, ամեն մի չնչին բանի համար: Ինքը նման սուտ ցուցմունքներ է տվել, քանի որ արդեն հոգնել է իր հոր խիստ վերաբերմունքից: Ինքը սիրում է իր հորը, հասկացել է, թե ինչ սխալ արարքներ է կատարել, դատարանից խնդրում է ներել իրեն սուտ ցուցմունքի համար և չպատժել ու ազատ արձակել իր հորը:
Դատարանի վերլուծությունը
Դատարանը, սակայն, գտել է, որ տղամարդուն պետք է մեղավոր ճանաչել: Ըստ դատարանի՝ տուժող աղջիկը, լինելով հոր հարազատ անչափահաս դուստրը, հոր՝ քրեական պատասխանատվությունից խուսափելուն նպաստելու ներքին հոգեբանական և այլ դրդապատճառներով, վերոնշյալ լրացուցիչ ցուցմունքներով ըստ էության հիմնավորելով հոր կողմից իրեն խոշտանգելու հանգամանքը, միաժամանակ փորձել է իր նկատմամբ կատարված խոշտանգումը ներկայացնել՝ որպես իր կողմից ներկայացված հաղորդման և սկզբնական ցուցմունքի արժանահավատությունը կասկածի տակ դնող հանգամանք, այնինչ ինչպես՝ անչափահաս դստերը բռնաբարելու թվով 3 դրվագները, այնպես էլ՝ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը և իրենից նյութական կախվածություն ունեցող աղջկան խոշտանգելը հիմնավորվել են ապացույցներով, որոնք միաժամանակ նաև վերացնում են աղջկա կողմից տրված հաղորդման ու սկզբնական ցուցմունքի մեջ ներկայացված փաստերի ճշմարտացիության հետ կապված կասկածը, հետևաբար՝ նաև ապացուցում են ամբաստանյալի մեղավորությունը։
Պատրաստեց 168.am-ը