Մարկովիչի աղմկահարույց հակահայկական զեկույցն ընդունվեց
Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քվեարկեցին բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը:
Մինչ զեկույցի քվեարկությունը պատգամավորները քվեարկեցին զեկույցում փոփոխություններ մտցնելու մի քանի առաջարկները, որոնք ներկայացնում էր ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: Նիստի ընթացքում մի քանի անգամ ելույթ ունեցավ նաև զեկուցաբեր Մարկովիչը, կոչ անելով պատգամավորներին կողմ քվեարկել և լուծել ջրային պաշարների հասանելիության խնդիրը ադրբեջանական բնակչության համար: Նա նաև հակադրվեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանին` ասելով, որ ցանկացել է այցելել Հայաստան, սակայն իր այցի կազմակերպումը խոչընդոտվել է ՀՀ պատվիրակության կողմից:
ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ չենք կարող հումանիտար խնդիրը տարանջատել քաղաքական խնդրից: « Առաջարկում եմ ետ վերադարձնել կոմիտե և ավելի տեղին դարձնել»,- ասաց նա: Զեկույցի օգտին քվեարկեց 98, դեմ` 71 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը մի քանի պարբերություններ նույնությամբ կրկնում է Ուոլթերի զեկույցում տեղ գտած ձևակերպումները: Նշվում է, որ հայկական զորքերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները, ուստի պահանջվում է, որ Հայաստանը անհապաղ դուրս բերի իր զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Նշվում է, որ հայերը, օկուպացնելով Ադրբեջանի տարածքները, Ադրբեջանի սահմանամերձ գյուղերին զրկել են ոռոգման ջրի հնարավորությունից, փակել են և թույլ չեն տալիս օգտագործել Սարսանգի ջրամբարի ջուրը: Շեշտադրումներ կան նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչը կասկածի տակ է առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: