«Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի Հայաստանապաշտ զավակնե՛ր»
Հայոց Ազգային Բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի, ինչպես նաև հայոց անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայրենասիրական 25 միջոցառումներ է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հայրենասիրական միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Ներկայացնում ենք Խաչիկ Ասրյանի ելույթը.
«Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատա՛ր,
հարգարժան գեներալ–մայոր Կարեն Աբրահամյա՛ն,
արցախյան հերոսամարտ հաղթանակած հայրենապահ զինվորականնե՛ր,
քրիստոսապաշտ հայե՛ր,
Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը:
Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենաշունչ զինվորականնե՛ր…
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Ազգապահ զինվորականնե՛ր, Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր.
«Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»… Ես ավելացնում եմ. «Ապրե՛լ, գործե՛լ, մեռնե՛լ հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման. ահա՛ իմ դավանած հայրենասիրությունը»: Նժդեհը շարունակում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»:
Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի Հայաստանապաշտ զավակնե՛ր: Այո՛, դո՛ւք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի»: Եվ այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: Միշտ գիտակցե՛ք, որ դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան: Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ անպարտելի հայոց ազգային բանակը»:
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և 5 զորամասերի սպաների, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ՝ արծիվ նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, 5 զորամասերի հրամանատարներին և մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագարային զինծառայողների:
Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության մի շարք անդամներ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման գործում մեծ ներդրում ունենալու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով