Ձյան առատ տեղումները խնդիրներ են առաջացրել Քոբուլեթիում ու Բաթումում
Ձյան առատ տեղումների պատճառով Քոբուլեթիի շրջանում (Աջարիա) խափանվել է ուսումնական պրոցեսը բոլոր՝ 50 դպրոցներում ու 20 մանկապարտեզներում, վնասվել են նաև էլեկտրալարերը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով շրջանային ադմինիստրացիայի մամլո ծառայությանը:
Եղանակային պայմանները խնդիրներ են առաջացրել Վրաստանում հունվարի 19-ից: Այսօրվա դրությամբ ձյան ծածկույթը Քոբուլեթիի բարձրլեռնային շրջաններում հասնում է 70-90 սմ-ի, իսկ քաղաքում՝ 30-40 սմ-ի:
«Հիմա մեզ համար գլխավոր առաջնայնությունը կենտրոնական փողոցներն ու գյուղական ճանապարհները մաքրելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում ծանր հիվանդներին տեղափոխելիս խնդիրներ չառաջանան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Քոբուլեթիում առանց էլեկտրականության է մնացել մոտ 2000 բաժանորդ:
Ձյան առատ տեղումների դեմ պայքարում են նաև Բաթում քաղաքում, որտեղ ավտոտրանսպորտի տեղաշարժը դժվարացած է, ուսումնական պրոցեսը մանկապարտեզներում՝ դադարեցված:
Դժվարին իրավիճակ է նաև Գուրիա շրջանում, որտեղ առանց էլեկտրականության է մնացել 5 հազար բաժանորդ: