Բաժիններ՝

Քննարկվել են Նազարբեկյան 48 շենքի առաջնահերթ խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը հանդիպել է Նազարբեկյան 48 շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը:

Արտավազդ Սարգսյանը բնակիչների հետ մանրամասն քննարկել է բազմաբնակարան շենքի առկա խնդիրները, որի արդյունքում նախանշվել են դրանց լուծման ուղղությամբ հետագա անելիքները: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է, որ, հաշվի առնելով շենքի՝ վարչական տարածքում գտնվելու հանգամանքը, իր լիազորությունների շրջանակում հնարավորին կաջակցի շենքում առկա խնդիրների փուլային լուծմանը՝ պայմանով, որ անավարտ շենքի բնակիչները, ինչպեսև ժամանակին հանձն են առել, իրենց մասնակցությունը կբերեն այդ հարցում:

Շենքի բնակիչներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամության համար, վստահեցրել են, որ պատրաստ են կատարել շենքի հետագա շահագործմանն ու պահպանմանը միտված իրենց պարտավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա օրերին մեկնարկի մասնագիտական համալիր ուսումնասիրություն, որի արդյունքում կգույքագրվեն առկա այն խնդիրները, որոնց անհրաժեշտ է տալ հնարավորին արագ լուծումներ:

Հիշեցնենք, որ Նազարբեկյան 48 շենքը սկսել է կառուցվել դեռևս խորհրդային տարիներին, սակայն բազմաբնակարանի վերջին հարկի ու տանիքի կառուցումը մնացել են անավարտ: Տարածքի ասֆալտապատման, ջրագծի և արտաքին լուսավորության ցանցի անցկացման հարցում ժամանակին աջակցել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս