«Մարտի 1-ից մենք մեր գործողությունները պետք է հնարավորինս սաստկացնենք». Ժիրայր Սէֆիլյան
«Մեկնարկում է հայկական գարունը»,- քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
Նա հայտարարեց, որ իրենք չեն կոտրվելու, գնալու են առաջ, և Հայաստանը լինելու «իրավական, սոցիալական, անկախ պետություն»:
«Նոր Հայաստանի» շատբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն էլ հայտարարեց, որ իրենք դուրս են եկել փողոց՝ խոստանալով մնալ այնտեղ, մինչև չեն «ձերբազատվել այս ռեժիմից», ու որ իրենք իրենց խոստմանը տեր են. «Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ անտեսելու է առկա իշխանությունների թելադրած խաղի կանոնները: Այս ոսկորը մնալու է իշխանությունների կոկորդում: Մենք պայքարելու ենք մինչև վերջ»:
Խոսելով իրենց առաջիկա անելիքների մասին՝ Ժ. Սեֆիլյանը տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 20-ը իրենք աշխատելու են կոնկրետացնել, թե իշխանությունների հեռանալուց հետո՝ իրենք ինչպիսի Հայաստան են պատկերացնում: Նա հայտնեց, որ նախատեսում են փետրվարի 20-ին մտավորակնների հետ միասին մեծ համաժողով անել ու հենց այնտեղ էլ ներկայացնել այդ ամենը:
Ժ. Սէֆիլյանը տեղեկացրեց նաև, որ մարտի 1-ին նախատեսում են համապետական հանրահավաք հրավիրել՝ «հիշելով մարտի 1-ի զոհերին, բայց նաև գործելու նպատակով». «Մենք այն ուժն ենք, որ մինչ այսօր չենք մոռացել մարտի 1-ի ոճրագործությունը, այդ արյունը, որ թափվել է, մենք պետք է իմաստավորում տանք: Մարտի 1-ից մենք մեր գործողությունները պետք է հնարավորինս սաստկացնենք»: Նա նաև նշեց, որ իրենք ամեն ուրբաթ Ազատության հրապարակում շարունակելու են իրենց բրիֆինգները լրագրողների և հանրության հետ:
Անդադառնալով Հայկ Կյուրեղյանի, Գևորգ Սաֆարյանի և Շանթ Հարությունյանի հացադուլներին՝ Ժ. Սէֆիլյանը կոչ արեց հատկապես երիտասարդությանը՝ ի պաշտպանություն հացադուլ անողների պահանջին՝ գնալ և բանտերի մոտ վրաններ խփել, ակցիաներ իրականցել: