Ստեփանակերտում հաշվառված ավտոմեքենաներից անցած տարի 4100-ը տեխզննում չի անցել

Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է քաղաքային համայնքի ավագանու` նոր տարվա անդրանիկ նիստը:

Ստեփանակերտի քաղաքապետարանից «Արցախպրես»-ին տեղեկացրել են, որ նիստի օրակարգում, ի թիվս մի շարք նախագծերի, ներառված էին Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015թ. բյուջեի կատարման հաշվետվությունը և քաղաքային համայնքի 2016թ. բյուջեն, որոնց վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ բանախոսի, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015թ.տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 1 մլրդ 766 մլն 912.9 հազ. դրամ (կատարողականը՝ 96.4%-ը): Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 78.9%-ը կազմել են պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհները:

Իր նկատառումները հայտնելով ներկայացված հաշվետվության վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բավարար չհամարեց կատարվածը` նշելով, թե հնարավորությունների արդյունավետ օգտագործման դեպքում` արդյունքներն ավելի հուսադրող կլինեին:

Ընդգծելով, որ համայնքային բյուջեն մեծապես տուժում է նման կարգի թերացումներից, Ս.Գրիգորյանը հավելել է, թե անցյալ տարի Ստեփանակերտում հաշվառված 9700 ավտոմեքենաներից 4100-ը տեխնիկական զննում չի անցել և, բնականաբար, կարգազանց վարորդների մեղքով, նախատեսված մուտքերը պետբյուջե չեն ապահովվել: Քաղաքապետը նշեց, որ խնդիրը մտահոգիչ է և այդ ուղղությամբ պիտի լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն: «Բոլոր հարկատեսակների (մասնավորապես` եկամտահարկերի) հավաքագրման առումով, միանշանակ պիտի ապահովվեն մուտքերը, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքի բնականոն կյանքը»,- շեշտել է քաղաքապետը:

Ավագանին ի գիտություն է ընդունել և հաստատել 2015թ.բյուջեի կատարման հաշվետվությունը:

Տեսանյութեր

Լրահոս