Օֆշորի գործով մեղադրողի վարքագծի հետ կապված դատավորը կդիմի Գևորգ Կոստանյանին

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց օֆշորային սկանդալի գործի քննությունը: Դատարան չէր ներկայացել գործով մեղադրող Դ. Վեքիլյանը:

Նախագահող դատավորն ասաց, որ արդեն երկրորդ դատական նիստն է՝ մեղադրողը, առանց տեղեկացնելու չներկայանալու պատճառները, չի ներկայանում դատարան: Նա նշեց, որ դատարանը ստիպված է նրա վարքագծի հետ կապված հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ դատական նիստերին նրա պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով: Նշենք, որ նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով. դատավորի խոսքով՝ այդ ընթացքում փորձել են ճշտել մեղադրողի չներկայանալու պատճառները, բայց այդպես էլ չեն կարողացել ճշտել:

Դատարան չէր ներկայացել նաև տուժողների ներկայացուցիչներից մեկը, ով դատարանին հայտնել էր, որ նիստին չի կարող ներկայանալ մեկ այլ գործով դատաքննությանը մասնակցելու պատճառով. նա խնդրել էր նիստը շարունակել իր բացակայությամբ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս