Կարեն Ճշմարիտյանը՝ իր հրաժարականի և Ռուսաստանից էժան գազ գնելու մասին
«Բամբասանքները չեմ մեկնաբանում»,- այսպես արձագանքեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` խոսելով իր հրաժարականի վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին: «Հարցրեք նրան, ով գրել է»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Հարցին, թե որ փուլում են Ռուսաստանից էժան գազ գնելու վերաբերյալ բանակցությունները, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Դեռևս կառավարությունը դիմել է, և կարծում եմ, որ պատասխան լինի, մենք բոլորս կիմանանք»: Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ աներկբա է՝ էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի: Հարցին՝ արդյոք նախադրյալներ կա՞ն, որ իրենց չեն մերժի, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Եթե նախադրյալներ չլինեին, կառավարությունը դժվար դիմեր»:
Հարցին, թե ով է մեղավոր, որ տնտեսական վիճակը վատանում է, Կարեն Ճշմարիտյանն ասաց. «Այստեղ մենք ավելի շատ պետք է հաշվի առնենք այն ազդեցությունները, որոնք կային 2015թ.: Այդ արտաքին ազդեցությունները սկսվեցին դեռևս 2014թ., և հավատացեք, որ այդ ազդեցությունների պայմաններում, եթե մենք համեմատում ենք այլ երկրների հետ, ապա ցուցանիշների առումով ավելի բարվոք վիճակում ենք, այսպես ասեմ, քան մնացածը»:
Նա նշեց, որ ձեռնարկված գործողություններն արդյունք են տվել, սակայն կան գործոններ, որոնք «մեր տիրույթից դուրս էին». «Դա մասնավորապես մետաղի գներին էր վերաբերում, ռուսական ռուբլու վայրիվերումներին, որը, ի դեպ, դեռևս շարունակվում է»:
Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ կառավարության նիստի ընթացքում հաստատվել է արտահանմանն ուղղված 2016թ. ծրագիրը, ստեղծվեց արտահանման աջակցման խորհուրդ, որի հիմնական գործառույթն է լինելու՝ վեր հանել այն ճյուղերը, որոնք ամենաշատն են տուժել կամ հնարավոր է տուժեն այդ տարում արտաքին գործոնների ազդեցության պատճառով և աջակցություն ցույց տան դրանց: