Հայաստանի պատճառով «Գազպրոմը» վերջնագիր է ներկայացրել Վրաստանին. Կախա Կալաձե
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքով՝ «Գազպրոմը» Վրաստանին վերջնագիր է ներկայացրել:
Ինչպես հայտարարել է Կալաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում, վրացական կողմը կտրականապես իր անհամաձայնությունն է հայտնել «Գազպրոմի» պահանջներին, որպեսզի Վրաստանը Հայաստան գազի տարանցման վճարը ստանա ոչ թե հումքով, այլ գումարով, իսկ ռուսական ընկերությունն էլ բացահայտ ակնարկել է, որ այդ դեպքում Հայաստանին գազ կմատակարարի Իրանի միջոցով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Կալաձեն հայտնել է, որ ռուսական ընկերությունն առաջարկել է անցում կատարել դրամական հաշվարկների Հայաստան ռուսական գազի տարանցման համար: Ինչպես հայտնի է, Վրաստանը Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար ստանում է գազի 10 տոկոսը՝ համաձայն Վրաստանի ու «Գազպրոմի» միջև գործող պայմանագրի:
«Բնականաբար, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք նման պայմաններ առաջ քաշեցին, մենք կտրականապես մեր անհամաձայնությունը հայտնեցինք, սակայն հանդիպմանը մեզ ուղիղ ասացին, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով: Հնարավոր է, որ առաջին տարում ողջ ծավալը մատակարարելը բարդ կլինի, սակայն հաջորդող տարիներին «Գազպրոմը» կօգտվի նման տեխնիկական հնարավորությունից»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Վերջինս տեղեկացրել է, որ Վրաստանի էներգետիկայի նախարարությունում քննարկել են «Գազպրոմի» «վերջնագիրը» ու եկել այն եզրակացության, որ այսօր ռուսական ընկերությունը կարող է Հայաստանին մատակարարել մոտ 1 միլիարդ խմ գազ Իրանի միջոցով, սակայն որոշակի ներդրումների իրականացումից հետո «նրանք կարող են ամբողջությամբ բավարարել հայկական շուկայի պահանջարկը»:
«Այդ վտանգը, իհարկե, գոյություն ունի, և մեզ համար դրա հետևանքներըը էներգետիկ առումով շատ ծանր կլինեն»,- հայտարարել է Կախա Կալաձեն: