Ո՞վ է «փակել» Շաքրո Մոլոդոյի ծաղկաձորյան հանգստի հաշիվը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում:

Սակայն քրեական հեղինակության այցը եւ դրան նախորդած իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ Շաքրո Մոլոդոյի այցը չվերածվեց գողական «ռազբորկայի», այլ ամեն ինչ ավարտվեց «դահուկների շրջանակներում»:

Նրա ամանորյա «խորհրդավոր» հանգստից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Տեղեկացանք, որ երբ Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան, որոշ քրեական հեղինակություններ փորձել են դիմնավորել նրան օդանավակայանում, սակայն ՀՀ իրավապահները արգելել են նրանց մուտքը օդանավակայան: Այսպիսով, օրենքով գողը անմիջապես ուղեւորվել է Ծաղկաձոր: Նա իր ամանորյա հանգիստը անցկացրել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, որը պատկանում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Շաքրո Մոլոդոյը մնացել է Ծաղկաձորի ամենաթանկ հյուրանոցային համալիրի ամենաթանկ համարում, որտեղ երկու անձի համար 1 օրվա արժեքը կազմում է 4 միլիոն դրամ:

Ըստ ականատեսների` Շաքրո Մոլոդոյը ամեն առավոտ դահուկ է քշել, իսկ օրվա երկրորդ կեսին նկատել են, թե ինչպես են նրա համար հատուկ հայկական խորոված եւ այլ հետաքրքիր ուտեստներ պատրաստում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Շաքրո Մոլոդոյին են հանդիպել նաեւ Հայաստանի որոշ քրեական հեղինակություններ, որոնց վերջինս խորհուրդներ է տվել, թե օրինակ՝ ինչպես ապրել քրեական աշխարհում՝ անխոցելի լինելու համար: Մասնավորապես նա հատուկ շեշտադրում է արել, որ քրեական հեղինակությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ֆինանսական կախում չունենան օլիգարխներից, գործարարներից, որպեսզի հետագայում նաեւ կարողանան ազդեցության առումով առավել ազատ լինել: Ավելին՝ իր խոսքից բացի, նա նաեւ օրինակ է ծառայել:

Հյուրանոցային համալիրի մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, երբ Հայաստանի մի շարք օլիգարխներ փորձել են «փակել» Շաքրո Մոլոդոյի ամանորյա հանգստի ծախսերը, հայաստանյան օրենքով գողերից Անդրանիկ Սողոյանը` Զապը, թույլ չի տվել՝ անձամբ վճարելով հայտնի քրեական հեղինակության ամանորյա ծախսերի հաշիվը: Ասել է թե՝ Շաքրո Մոլոդոյի հանգստի համար քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը 24 միլիոն դրամ գումար է ծախսել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս