Այս զարգացումները դեռ երկար կտևեն. իրանագետ
Իրանագետ Գոհար Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարված հարաբերություններին, նշեց, որ այս հակասությունները նոր չեն, այլ 1970-ականներից են սկսվել, երբ Սաուդյան Արաբիան ու Իրանը համարվում էին ԱՄՆ-ի դաշնակիցներ, իսկ վերջինս վարում էր երկու հենարանների քաղաքականություն.
«Տարածաշրջանում իր խնդիրները լուծելու համար ԱՄՆ-ը հենվում էր Սաուդյան Արաբիայի և Իրանի վրա: Սակայն, Իրանի իսլամական հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվեց: Բայց անգամ այն ժամանակ, երբ երկուսն էլ ԱՄՆ դաշնակիցներ էին, միևնույն է, ունեին շատ լուրջ խնդիրներ և անընդհատ բախումներ էին լինում: Այդ բախումները հիմնականում լուծվում էին ԱՄՆ-ի միջամտությամբ: Իսլամական հեղափոխությունից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Իրանը «պոկվեց» ԱՄՆ-ի դաշնակից լինելու կարգավիճակից, իսլամական կողմնորոշում ունեցավ ու սկսեց արտահանել իսլամի գաղափարները Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ»:
Ըստ իրանագետի՝ հիմա երկու հզոր տերություններ Մերձավոր Արևելքում փորձում են հստակեցնել իրենց ազդեցության գոտիները և ցույց տալ, թե որտեղ են իրենք իշխում.
«Տարածաշրջանում Իրանի դերի կտրուկ բարձրացումից հետո հստակ զգացվեց Սաուդյան Արաբիա-Թուրքիա դժգոհությունը։ Հատկապես Սիրիայի հարցում ստեղծվեց երկու կոալիցիա՝ Ռուսաստան-Իրան-Սիրիա և Սաուդյան Արաբիա-Թուրքիա-արաբական մի շարք երկրներ: Ադրբեջանից էլ հստակ նկատվում են մեսիջներ, որ նրանք ևս կմիավորվեն այս առանցքին՝ ընդդեմ իրանական գործելաոճի տարածաշրջանում: Այս զարգացումները դեռ երկար կտևեն, քանի որ նրանց շահերի գոտիները դեռ հստակեցված չեն»։
168.am-ի հարցին՝ ի՞նչ փոփոխություններ սպասենք Սիրիայում այս լարված հարաբերություններից հետո՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ նախորդ տարվա ավարտին ստեղծված ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի գոյությունը, որը հավակնություններ ունի Սիրիայում, իրանագետը պատասխանեց.
«Մենք հենց երեկ տեսանք, որ ռուսական ուժերի միջոցով կարողացան ազատագրել նաև մեկ-երկու քաղաք, որոնք բավականին երկար ժամանակ գտնվում էին ահաբեկիչների ձեռքում: Այսինքն՝ Ռուսաստանի նման հզոր երկիրն աջակցում է Իրանին ու Սիրիային: Այդ դաշինքը՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու արաբական մյուս երկրների, չի կարող էական հաջողություններ գրանցել: Սաուդյան Արաբիայի թիվ մեկ դաշնակից ԱՄՆ-ը ևս խստագույնս դատապարտեց Սաուդյան Արաբիայի գործելաոճը, հատկապես՝ 47 մարդկանց մահապատիժը: Այսինքն՝ նրա գլխավոր դաշնակիցը ևս չի կիսում նրա գործելաոճը: Շատ լուրջ կասկածներ կան, որ Սաուդյան Արաբիայի այս գործելաոճը, հնարավոր է, բավական խոցելի դառնա»:
Մեր հարցին, թե Հայաստանին որևէ վտանգ սպառնո՞ւմ է Սաուդյան Արաբիայից՝ եթե նկատի ունենանք, որ Հայաստանն ու Իրանը բարեկամական հարաբերություններ ունեն, իրանագետը պատասխանեց.
«Այս պահին որևէ վտանգ չկա: Եթե Սաուդյան Արաբիա-Իրան պատերազմ սկսվի, ինչը շատ քիչ հավանական եմ համարում, ապա մենք մեզ վրա կզգանք, որովհետև Իրանն ամբողջովին իր ուժերը պետք է կենտրոնացնի նման խնդրի վրա, ու մենք կզգանք Իրանի ծրագրերի դանդաղեցում: Բայց ես չէի ցանկանա կենտրոնանալ բացասականի վրա, քանի որ դրական կողմեր էլ կան: Ինչպես նշեցի՝ նկատվում է, որ Ադրբեջանն էլ է փորձում Թուրքիայի հետ միավորվել Սաուդյան Արաբիայի այս առանցքում: Հնարավոր է, որ Իրանն ու Ռուսաստանը ցանկանան տեսնել Հայաստանի ներգրավվածությունը՝ Կովկասում ինչ-որ կերպ Ադրբեջանի գործունեությունը կանխելու համար»: