7 հարց ու պատասխան Տամիֆլյուի մասին. այն իրոք արդյունավե՞տ է գրիպի դեպքում. News.am Medicine

Ձմռանը մեզանից շատերը մտածում են, թե ինչպես անեն, որ գրիպով չվարակվեն, իսկ վարակվելու դեպքում հնարավորինս արագ բուժվեն:  Ինչպես գրում է News.am Medicine-ը, որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս գրիպի հենց առաջին ախտանիշների դեպքում  (դող, մկանային ցավ, գլխացավ եւ տենդ) սկսել օսելտամիվիր ընդունել` հակավիրուսային նյութ, որը պարունակվում է Տամիֆլյու  (Tamiflu) դեղամիջոցում, որը գրիպի տեւողությունը  7-10 օրից կկրճատի մինչեւ 1-3 օր:

Օսելտամիվիրն ազդում է պրոտեինների վրա, որոնք հարուցիչն օգտագործում է բազմանալու համար եւ իմունիտետին հնարավորություն է տալիս որսալ եւ սպանել հարուցիչներին: Սակայն, ինչպես նշել է բժիշկ Մեթյու Ֆայմանը Քլիվլենդի կլինիկայից, ոչ բոլորին է կարելի ընդունել այդ դեղամիջոցը: Նա պատասխանել է գրիպի եւ Տամիֆլյուի վերաբերյալ մի քանի տարածված հարցի:

Հարց. Ո՞վ պետք է հակավիրուսային դեղամիջոցներ ընդունի: 

Պատասխան. Սովորաբար այդ դեղամիջոցները ցուցված են թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց, որովհետեւ նրանց մոտ շատ բարձր է գրիպի պատճառով բարդացումների առաջացման վտանգը:  Բժիշկը նաեւ խորհուրդ է տալիս այս դեղամիջոցը նշանակել շաքարախտով, ասթմայով եւ շնչառական այլ հիվանդություններով տառապող, սրտի եւ երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ ավելորդ քաշ ունեցողներին:

Հարց. Ի՞նչ բարդացումներ կարող են ի հայտ գալ գրիպի պատճառով: 

Պատասխան. Գրիպի ախտանիշների ի հայտ գալուց 7 օր անց թույլ իմունիտետ ունեցող մարդկանց  (ինչպես նաեւ վերոհիշյալ խմբերին պատկանողների մոտ) կարող է երկրորդական մանրէածին վարակ սկսվել, որը որոշ դեպքերում կպահանջի հիվանդանոցային բուժում եւ կարող է լուրջ բարդությունների հանգեցնել:

Հարց. Արդյո՞ք ռիսկի խմբի մեջ չմտնող մարդիկ եւս պիտի օսելտամվիր ընդունեն:

Պատասխան. Որոշ մարդիկ կարծում են, որ արժե ընդունել այդ դեղամիջոցը, նույնիսկ եթե իրենք ռիսկի խմբի մեջ չեն, որովհետեւ այդ դեղամիջոցի շնորհիվ հիվանդության տեւողությունը զգալիորեն կրճատվում է եւ իրենք կարող են արագ վերադառնալ աշխատանքի:

Հարց. Այս դեղամիջոցն ի՞նչ մինուսներ ունի: 

Պատասխան. ԱՄՆ-ում այդ դեղամիջոցը մոտավորապես  75-150 դոլար արժե, կախված ապահովագրությունից: Պոտենցիալ երկրորդական էֆեկտներն են` սրտխառնոց, փսխոց, փորլուծություն: Այդ պատճառով բժիշկը մարդկանց խորհուրդ է տալիս ծանրութեթեւ անել` ինչն է ավելի լավ. արագ առողջանա՞լ, չնայած բարձր գնին եւ կողմնակի էֆեկտներին, թե մի քանի օր գրիպով հիվանդ լինել:

Հարց. Գրիպի ախտանիշներն ինչպե՞ս տարբերել մրսածության ախտանիշներից: 

Պատասխան. Գրիպի դեպքում սովորաբար բարձրանում է ջերմաստիճանը, մկանային  ցավեր են հայտնվում, հազ, գլխացավ, երբեմն` հարբուխ: Մրսածության դեպքում հաճախ լինում է հարբուխ եւ հազ, սակայն բարձր ջերմություն եւ ամբողջ մարմնում մկանային ցավ սովորաբար չի լինում. կամ էլ դրանք շատ ավելի ուշ են հայտնվում, իսկ գրիպի դեպքում ի հայտ են գալիս անմիջապես:

Հարց. Որտեղի՞ց կարելի է ճարել այս դեղամիջոցը: 

Պատասխան. ԱՄՆ-ում դրա համար անհրաժեշտ է գրիպի առաջին  48 ժամվա ընթացքում բժշկի գնալ եւ դեղատոմս ստանալ: Սովորաբար դեղամիջոցն ընդունում են օրը  2 անգամ 5 օր շարունակ:

Հարց. Ի՞նչ անել, եթե գրիպով հիվանդացած մարդուն չի կարելի հակավիրուսային միջոցներ ընդունել կամ  48 ժամն արդեն անցել է:

Պատասխան. Նման դեպքերում բժիշկը խորհուրդ է տալիս շատ հեղուկ խմել եւ հանգստանալ: Կարելի է նաեւ հավի արգանակ խմել,   էխինացեա եւ շամբուկ ուտել, չնայած դրանց արդյունավետության գիտական ապացույց չկա, դրանք շատերի ինքնազգացողությունն են բարելավում:

Արժե նաեւ վերահսկել ջերմաստիճանը. Եթե այն չափից ավելի է բարձրանում, ջերմիջեցնող եւ հակաբորբոքային միջոցներ խմել:

Գրիպի պրոֆիլակտիկայի համար բժիշկը խորհուրդ է տալիս պատվաստում անել:

Տեսանյութեր

Լրահոս