Գաղտնի բանակցություններ Վրաստանի ու «Գազպրոմի» ղեկավարության միջև
Հայտնի է դարձել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի ու «Գազպրոմի» ղեկավարների ներկայացուցիչների գաղտնի բանակցությունների մասին։ Այս մասին լուրը, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտնել է վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է ադրբեջանական գազը 50 տոկոսով փոխարինել ռուսական գազով: Ցիսկարիշվիլիի տեղեկություններով՝ Կախա Կալաձեն դեկտեմբերի 27-ին Շվեյցարիայում հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտի» ղեկավար Ելենա Բուրմիստրովայի հետ: Նշվում է, որ Կալաձեն հանդիպման է մեկնել չարտերային չվերթով:
Փորձագետը ենթադրում է, որ Վրաստանի իշխանությունը մտադիր է ադրբեջանական գազը փոխարինել ռուսականով:
Նրա տեղեկություններով՝ պետական կառույցը, որն աշխատելու է պայմանագրի պայմանների վրա, Նավթի և գազի միջազգային կորպորացիան է, որին է պատկանում Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած հիմնադրամի 100 տոկոս բաժնեմասը։
Հիմնադրամի ղեկավար Դավիթ Սագանելիձեն մեկնաբանություններ չի տվել տվյալ տեղեկության հարցով։
Հանդիպման մանրամասների մասին լռում է նաև Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, թեև հաստատում է Բուրմիստրովայի հետ հանդիպման փաստը: